Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը օգոստոսի 24-ին տեսակապով մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոշաբաթվա «Համաշխարհային կինեմատոգրաֆիայի լեգենդներ» խորագրով նիստին:
Նա խոստովանել է, որ սիրում է ռուսական կինոն և ջերմ զգացմունքներ է տածում Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի հանդեպ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է 89-ամյա ռեժիսորի մասնակցությունը միջոցառմանը՝ այն անվանելով խայտառակություն:
«Սա խայտառակություն է և վիրավորանք այն ուկրաինացի դերասանների ու կինոգործիչների հիշատակին, որոնք սպանվել կամ վիրավորվել են ռուս ռազմական հանցագործների կողմից` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ընթացքում»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում:
Նախարարության կարծիքով՝ Վուդի Ալենը, մասնակցելով փառատոնին, «գիտակցաբար աչք է փակում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում 11 տարի շարունակ իրականացվող վայրագությունների վրա»:
Ռեժիսորը հերքել է այս մեղադրանքները՝ պատասխանելով, որ «չի համարում, որ ստեղծագործական երկխոսությունների դադարեցումը լավ միջոց է»:
Բրիտանական The Guardian թերթին տված մեկնաբանությունում Ալենն ասել է. «Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի հակամարտությանը, ես խորապես համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինը բացարձակապես սխալ է: Նրա սանձազերծած պատերազմը սարսափելի է: Բայց անկախ նրանից, թե ինչ են անում քաղաքական գործիչները, ես չեմ կարծում, որ ստեղծագործական երկխոսությունների դադարեցումը լավ միջոց է»: