BBC-ի տեղեկացմամբ՝ իսրայելցի տարեց կնոջ ներքնակի տակից հայտնաբերվել է երեք նկար, որոնք վերագրվում են Կազիմիր Մալևիչին։ Ներկայում դրանք ցուցադրվում են Բուխարեստի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում, սակայն հաստատության ղեկավարությունը չի հավաստում դրանց իսկությունը, իսկ առաջատար մասնագետները կասկածի տակ են դնում դրանց ծագումնաբանությունը։
Իսրայելցի գործարար Յանիվ Կոենի պատմելով, երբ ընտանիքը տեղափոխվել է, Եվա տատիկը պնդել է, որ բարձրացնեն հին ներքնակը։ Այնտեղ հայտնաբերվել է հինգ նկար, որոնցից երեքը, Կոենի խոսքով, պատկանել են Մալևիչին։ «Պարզվեց, որ դրանք Մալևիչի ստեղծագործություններ են»,– պատմել է գործարարը BBC-ին։
Նկարները վերնագրված են հետևյալ կերպ․ «Սուպրեմատիստական կոմպոզիցիա կանաչ և սև ուղղանկյունով» (1918 թ.), «Կուբոֆուտուրիստական կոմպոզիցիա» (1912–1913 թթ.), «Սուպրեմատիստական կոմպոզիցիա կարմիր քառակուսով և կանաչ եռանկյունով» (1915–1916 թթ.)։
Այս երեք գործերը ներկայացված են Ռումինիայի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում, որի հովանավորը Կոենին պատկանող ստոմատոլոգիական կլինիկան է։
Սակայն արվեստաբան և համադրող Կոնստանտին Ակինշան ընդգծում է, որ նկարները չեն ունենում ծագումնաբանություն․ «Դրանք ոչ փաստաթղթավորված են, ոչ լուսանկարված, ոչ էլ ցուցադրված Մալևիչի կենդանության օրոք»,– նշել է նա։
Կոենը բացատրում է փաստաթղթերի բացակայությունը ստալինյան բռնաճնշումներով՝ պնդելով, թե այդ տարիներին մարդիկ թաքցնում էին ռուսական ավանգարդը։
Սակայն BBC-ն հիշեցնում է, որ Մալևիչն ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝ 1929-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և 1930-ին Կիևում։ Նույն թվականին նա ձերբակալվել է, բայց հետագայում ազատ է արձակվել և մինչև մահը շարունակել է մասնակցել խմբային ցուցահանդեսների։ Այնպես որ, բռնաճնշումներով մեկնաբանելը, ըստ լրատվամիջոցի, ճիշտ չէ։
«Չկան ապացույցներ, որ Մալևիչի աշխատանքները 1920–1930-ականներին շրջանառվել են արվեստի շուկայում։ Նկարչի սեփական գրառումներում ևս նշում չկա մասնավոր վաճառքների մասին»,– հավելել է Ակինշան։
Կոենը, սակայն, հենվում է Կիևի արվեստաբան Դմիտրի Գորբաչովի գնահատականի վրա։ Վերջինս՝ «Մալևիչ և Ուկրաինա» գրքի հեղինակն է, և Կոենի պատվերով ուսումնասիրելով նկարները՝ դրանք որակել է Մալևիչի ստեղծագործության «առաջին կարգի նմուշներ»։
Սկանդալի ֆոնին Ռումինիայի ժամանակակից արվեստի ազգային թանգարանը հեռավորություն է պահել գործերից՝ հայտարարելով․ «Հակասական աշխատանքների ցուցադրումը չպետք է ընկալվի որպես դրանց հեղինակության կամ իսկության հաստատում»։
Ակինշայի գնահատմամբ՝ Մալևիչին վերագրվող վիճահարույց աշխատանքները «միայն այսբերգի գագաթն են», և միջազգային շուկայում շրջանառվում են հազարավոր կասկածելի ստեղծագործություններ։ Sotheby’s աճուրդի տան խորհրդատու Ռետո Բարմետլերն էլ նշել է, որ ռուսական և ուկրաինական ավանգարդի շուկան լի է գործերով, որոնք «ակնհայտորեն հարցեր են առաջացնում»։