«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա առաջին կանգառն Արտաշատն է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նախքան տոնական համերգի մեկնարկը շրջել են Արտաշատում և ծանոթացել տեղական արտադրանքի տոնավաճառին:
Քաղաքում այսօր գործել են նաև տուրիստական մեքենաներ, որոնք միջոցառման մասնակիցներին տեղափոխել են մարզի տեսարժան վայրեր՝ Խոր Վիրապ, Ազատի ջրամբար և Դվինի հնավայր:
Տոնական օրը կամփոփվի երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգով՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ:
«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը: