ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում:
«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:
Փառատոնն այս տարի կմեկնարկի օգոստոսի 23-ին։ Այդ օրն Արտաշատում տեղի կունենա երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր:
«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը՝ Karen Sevak Band-ի նվագակցությամբ:
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում: