Մշակույթ

Շեկոյանը ներդաշնակ էր իր գրականության հետ

Չորս տարի առաջ այս օրը «հայրենիքի մարմնով անվերջ բարձրացող ամենասովորական լեռնագնացը»՝ գրող, բանաստեղծ Արմեն Շեկոյանը, իր խոսքի պես «մեծացավ անվերջ և գրկեց անհավատալի փոքրիկ այս հողի երկինքը»։ Գրողն այդ ժամանակ 68 տարեկան էր։

«Արմեն Շեկոյանը որպես մարդ՝ հումորով, պայծառ, միշտ հեգնող և առաջին հերթին ինքն իրեն, ինչը բարձրացնում էր իր հեգնանքի արժեքը։ Մարդ էր, որի հետ շատ ուրախ էր անցնում։ Շատ խորը դիտող էր․ արտաքին սովորական թվացող բաները կարողանում էր խորաթափանցորեն ընկալել ու գնահատել, որն արտացոլվել է իր ստեղծագործություններում։ Իմ պատկերացմամբ՝ Շեկոյանը ներդաշնակ էր իր գրականության հետ։ Մեր այն գրողներից էր, ում մարդկային կերպարը, էությունը շատ համապատասխան էր իր գրականությանը»,– Radar Armenia-ի հետ զրույցում գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանն այսպես բնորոշեց նշանավոր գրող Արմեն Շեկոյանին։

Նիկողոսյանն ասում է՝ շատ հաճախ է թերթում նրա գրականությունը, որը մեր անկախության տարիների տարեգրություններն են՝ ներկայացված գրողի ուրույն ոճով, ուրախ-զվարթ, նաև սուր հումորով քննադատող, իր զվարթության մեջ մեր կյանքի ողբերգությունները վեր հանող։ Օրինակ՝ «Անտիպոեզիան», «Երևան հյուրանոցը» մեր այդ շրջանի կյանքի վկայություններն են։

Նրա կյանքի գործը, ըստ Նիկողոսյանի, վերջին տարիների գլխավոր ստեղծագործությունն է՝ «Հայկական ժամանակ» վեպը, որը լույս էր տեսնում «Առավոտ» թերթում․ «Չկա որևէ նշանակալից մարդ, դրվագ, մշակութային, քաղաքական որևէ մեծ իրադարձություն, որ արտացոլված չլինեն վեպում։ Այդ 20-22 հատորանոց վեպը իսկապես մեծ հանրագիտարան է ու բացահայտում է շատ կարևոր բաներ՝ մեր իրականության ողջ պերճանքն ու թշվառությունը, ինչպես ասում են»։

Գրականագետը շատ մեծ ափսոսանքով նշում է, որ իրեն և ընդհանրապես գրական դաշտին ու երկրին շատ է պակասում Շեկոյանը, նրա պես գրողի գրչի սրությունը, «դաժան ու մերկ ճշմարտությունները բացահայտելու նրա կարողությունները, կարևոր մանրուքները տեսնելու ունակությունը, նրա քննադատող, ինչու չէ՝ գովերգող խոսքը». «Շեկոյանը մեծ հեղինակություն էր, և նրա խոսքը կարող էր մեզ առաջնորդող լինել»,– ընդգծում է մեր զրուցակիցը։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով․ «Արմեն Շեկոյանը ներքին համոզմունքներում լուրջ, արտաքուստ այդ լրջությունը չպարտադրող, համեստ, մի քիչ անփույթ, հումորով, հրաշալի բանաստեղծ, ընկեր էր։ Նրա գրականությունը բազմաշերտ էր՝ դիտարկում մարդուն, երկիրը, ազգին։ Որպես գրող՝ մղում էր կյանքի, մարդու շերտերի տեսանելիության։ Մարդկային հարաբերությունները իր տեսանկյունից պարզ, հետաքրքիր և մտերիմ ներկայացնող էր, և այդ ջերմությունը զգացվում էր»։

Նա պատմում է, որ երբ Արմեն Շեկոյանը մուտք գործեց գրականություն, այն ժամանակ ինքը «Գարուն» ամսագրում պոեզիայի վարիչն էր։ Արմենի առաջին իսկ գործերից նրան միանգամից հետաքրքրել է ընթացիկ կյանքը տեսնելու, դիտարկելու և պոեզիա դարձնելու մղումն ու կարողությունը։

«Նրա ստեղծագործական կյանքն իմ աչքի առաջ է զարգացել։ Սկզբնական փորձերից հետո նրա հետագա ստեղծագործություններում՝ դասական և ազատ պոեզիան զուգորդելով, ներառում էր խոհափիլիսոփայական իր ներքին աշխարհի և իր կողմից տեսանելի աշխարհի, իրողությունների պատկերները։

Եվ նա հենց այդպիսին ընդունվեց։ Նրան տալիս էին այն ժամանակ գրողի համար շատ կարևոր բնորոշումներ՝ խոստումնալից, հետաքրքիր բանաստեղծ, շնորհաշատ»։

Թամարա Ղազարյան