Մշակույթ

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի տոմսերը սպառվել են թողարկումից մեկ տարի առաջ

Քրիստոֆեր Նոլանի հերթական ֆիլմը՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի էկրանավորումը, գրանցել է աննախադեպ հաջողություն դեռ նախքան նկարահանումների ավարտը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի հուլիսի 17-ին, սակայն տոմսերի վաճառքը մեկնարկել է ուղիղ մեկ տարի առաջ. գրում է BBC-ն։

Ֆիլմի գովազդային հոլովակը արդեն ցուցադրվում է կինոթատրոններում, իսկ IMAX 70 մմ ձևաչափով առաջին ցուցադրությունների տոմսերը մեծամասամբ սպառվել են առաջին իսկ օրը։ Վերավաճառքի շուկայում դրանց գները հասել են 200 դոլարի։

Նոլանի «Ոդիսական»-ում նկարահանվում են Մեթ Դեյմոնը, Զենդայան, Թոմ Հոլանդը, Լյուպիտա Նյոնգոն և այլք։ Ռեժիսորը կրկին նախընտրել է 70 մմ ժապավենային ձևաչափը՝ բարձր տեսողական որակի համար, ինչը վերջին տարիներին վերակենդանացվում է նաև Քվենտին Տարանտինոյի, Փոլ Թոմաս Անդերսոնի ու Ռայան Քուգլերի նման ռեժիսորների կողմից։

Այս քայլը դիտվում է որպես նոր մարքեթինգային մոտեցում կինոարտադրությունում, որտեղ հանդիսատեսի ուշադրությունը պահելն ավելի բարդ է դարձել՝ համավարակի, հոսքային հարթակների և կինոարդյունաբերության ճգնաժամի պայմաններում։

«Կինոստուդիաները ստիպված են ստեղծագործ լուծումներ գտնել, որպեսզի կարողանան հետաքրքրել ժամանակակից հանդիսատեսին», – նշում է Nukhu ստուդիայի հիմնադիր Սանջայ Սինգհը BBC-ի հետ զրույցում։