Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է Սերգեյ Փարաջանովի վերականգնված հովանոցը։
2022 թվականին անմխիթար վիճակում գտնվող թաիլանդական նրբագեղ հովանոցը Սերգեյ Փարաջանովի թանգարանից հանձնվել է Ազգային պատկերասրահին։ Մասնագետների կողմից կատարված փուլային բարդ վերականգնումից հետո այն ներկայացվել է այցելուներին։
Ցուցահանդեսի համակարգող, վերականգնող Ամալյա Հովսեփյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց. «Ես, որ հովանոցը տեսա, չէի պատկերացնում, որ այդ աստիճանի վնասված պիտի լինի, ու հենց առաջին պահից սկսեցի մտածել՝ ինչպես կարելի է վերականգնել և արդյոք դա կարելի է դարձնել դիտարժան։ Եվ մինչև հովանոցը արվեստանոց բերելը, ամբողջ ընթացքում մտածում էի մեթոդներ»։
Հովսեփյանին, որպես գրաֆիկական աշխատանքների վերականգնող, Փարաջանովի տուն-թանգարանից հրավիրել են տեսնելու հովանոցը և խորհրդակցելու՝ արդյոք հնարավոր է վերականգնել այն և ինչպես։
Նրա խոսքով՝ այդ հովանոցը վերականգնման այն գործերի շարքին է պատկանում, որ ընդունված կարգով գրեթե հնարավոր չէ անել։ Սակայն վեց ամսվա տքնաջան աշխատանքի արդյունքում ստացվեց, և նա ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ էր գործ ունենալ Փարաջանովի նման մեծության, այն էլ՝ իր սիրելի իրի հետ։
Նրա խոսքով՝ հովանոցը ավելի շատ դեկորատիվ բնույթ է կրում. «Այն վերականգնելու ամբողջ ընթացքում այնպիսի մտքով էի, կարծես Փարաջանովի հետ լինեի։ Ասում էի՝ «Կներես, եթե լավ չեմ կարող անել, ոնց որ թե այնպես չեղավ, բայց վերջ ի վերջո ստացվեց»»,- մեզ հետ զրույցում պատմեց Ա. Հովսեփյանը։
Նա նշեց, որ անձնապես ծանոթ չի եղել Փարաջանովի հետ. «Բայց կարծում եմ՝ եթե որևէ ռեստավրատորին էլ հարցնեք, կոնկրետ հեղինակի աշխատանքի վրա աշխատելիս կարծես հոգեպես ու մտովի միշտ կապ է պահպանում։ Ես հաճախ եմ հիշում, երբեմն կռվում ենք իրենց հետ, որ առանց այդ կապի, կարծես թե չի լինի, և էներգետիկան, ակնածանքը պիտի լինի գործը անելիս»։