Այսօր լրանում է խորհրդային մշակույթի լեգենդար ներկայացուցիչներից մեկի՝ Վլադիմիր Վիսոցկու մահվան 45-րդ տարելիցը։
Դերասան, երգիչ, բանաստեղծ և հեղինակային երգի եզակի վարպետ Վիսոցկին մահացավ մոսկովյան իր բնակարանում՝ 1980 թվականի հուլիսի 25-ին, ընդամենը 42 տարեկանում, Մոսկվայում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերի օրերին։ Թեև սովետական լրատվամիջոցները գրեթե լռեցին նրա մահվան մասին, լուրը տարածվեց կայծակնային արագությամբ։ Տասնյակ հազարավոր մարդիկ հոսեցին դեպի Տագանկայի թատրոն՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի արտիստին։ Միլիցիան ստիպված էր փակել մոտակա փողոցները՝ զսպելու բազմահազարանոց մարդկային հոսքը։ Այդ տեսարանը վերածվեց ժողովրդական սգի հուզիչ դրսևորման, որն այլևս չկարողացավ լռեցնել նույնիսկ ամենախիստ գրաքննությունը։

Այսօր՝ նույնիսկ չորս տասնամյակ անց, նրա ստեղծագործական ժառանգությունը շարունակում է ապրել և խոսել տարբեր սերունդների հետ։
Վիսոցկու երգերը՝ խռպոտ, հուզական ու ճշմարիտ ձայնով, դարձան մի ամբողջ սերնդի ձայնը։ Նրա ստեղծագործությունները շրջանցում էին սովետական գրաքննության սահմանները՝ մատնանշելով հասարակության ճնշող իրականությունը, անհատի ողբերգությունն ու արժանապատվության պայքարը։ Նա հեղինակել է ավելի քան 600 երգ և բանաստեղծություն, հանդես է եկել տասնյակ դերերում՝ թե՛ թատրոնում, թե՛ կինոյում։
Թեպետ նրա երգերը գրեթե երբեք չէին հնչում պետական հեռուստառադիոհաղորդումներով, դրանք լայն տարածում էին ստանում մագնիտոֆոնային ձայնագրությունների միջոցով՝ հասնելով նույնիսկ ամենահեռավոր վայրերը։

Վիսոցկու կյանքը նաև հայկական շերտ ուներ։ Նրա խորթ մայրը՝ Եվգենյա Լիխոլետովան, ծագումով հայ էր։ Մանկության մի հատվածում նա ապրել է Գերմանիայում՝ հոր և խորթ մոր հետ։
1970-ականների երկրորդ կեսին Վիսոցկին, երբ արդեն հայտնի ու սիրված արվեստագետ էր ողջ Սովետական Միությունում, այցելում է Հայաստան։ Այդ այցի շրջանակում երգիչն իր ելույթով հանդես է գալիս Երևանում՝ ՊԱԿ-ի հանդիսությունների սրահում։ Այդ այցելությունը յուրահատուկ տեղ ունի նաև նրա կնոջ՝ դերասանուհի Մարինա Վլադիի հուշերում։ Վլադին իր հուշագրքում զետեղել է Վիսոցկու հայաստանյան ճանապարհորդության պատկերավոր նկարագրությունը, որը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ.
«Դու մեկնում ես Դավիթի հետ՝ ընկերոջ, որ ծնվել է Հայաստանում։ Երկուսդ էլ վարորդական իրավունք չունեք, բայց մեկնում եք, բնականաբար, կոնյակի պաշարով։ Հայաստանը լեռների խիստ գեղեցկությունն է ու հնագույն վանքերի որմնանկարների մաքրությունը։ Մոսկվայից դուրս գալիս ամեն ինչ ողբերգական է․ հենց նոր հերթական անգամ բաժանվեցինք, դու հեռացել ես թատրոնից՝ Լյուբիմովի հետ սարսափելի սկանդալի հետևանքով։ Մի շրջադարձում մեքենան մի քանի անգամ շուռ է գալիս։ Երկուսդ էլ հրաշքով ողջ եք մնում։ Ինչպես դու կասեիր, «Աստված սիրում է հարբեցողներին»։ Բազմաթիվ շշեր են կոտրվում, բայց դուք վերցնում եք նորերը և շարունակում ճանապարհը։ Դավիթի կինը՝ Միշելը, որի մեքենան է դա, արդեն չգիտի՝ որ սրբին աղոթի։
Ես այդ պահին գնում էի Փարիզ և այդ ամենը իմացա հետո։ Երբ առաջին վանքն է հանդիպում ճանապարհին, դու փորձում ես խաչակնքվել։ Երրորդ վանքում, չորրորդ շշից հետո, Դավիթը հազիվ է զսպում ծիծաղը։ Դու՝ ծնկաչոք, արցունքոտ աչքերով, բարձրաձայն խոսում ես պատերին պատկերված սրբերի հետ։ Հուզմունքից, գինուց ու ճարտարապետական վեհությունից ուժասպառ՝ մտնում ես եկեղեցի։ Անհասկանալի ձայներ ես հանում, գլուխդ խփում քարին։ Հարբեցողությունից դարձի ես գալիս։ Հետո՝ հոգնած ամեն ինչից, քնում ես՝ ինչպես սատկած։
Դա միակ դեպքն է, երբ քո քննադատական վերաբերմունքը ուղղափառ եկեղեցու թատերականության հանդեպ դավաճանում է քեզ։ Հետագայում պատմելով այդ դրվագը՝ ասում էիր՝ եթե հիմարին ստիպես Աստծուն աղոթել՝ ճակատն էլ կջարդի»։

Ինչպես նշվեց, Վիսոցկին իր այցի ընթացքում Երևանում հանդես է եկել մի քանի ելույթով։ Առաջին պաշտոնական համերգը տեղի է ունեցել 1970թ. ապրիլի 14-ին՝ Երևանի Մանանդյան փողոցում գործող Բարդ տեղակայումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում։ Համերգի լուրն արագ տարածվել էր, դահլիճը լեփ-լեցուն էր։ Հանդիսատեսի արձագանքը անկեղծ, հուզիչ ու ջերմ էր։
Նույն օրը երեկոյան կայացել է նաև երկրորդ ելույթը՝ ՊԱԿ-ի ակումբում։ Վկաները հիշում են այդ համերգի բացառիկ մթնոլորտը՝ ազատ, անկաշկանդ ու մտերմիկ, որտեղ Վիսոցկին, չնայած ձևական հանգամանքներին, զգում էր իրեն բնական և ազատ։
Բացի պաշտոնական ելույթներից, Վիսոցկին հանդես է եկել նաև մի շարք ոչ ֆորմալ համերգներով։ Դրանցից մեկը կայացել է Սևանի «Ախթամար» ռեստորանում, մյուսը՝ ֆիզիկոս Էդուարդ Բարսեղյանի տանը։ Այս հանդիպումները փոքրաթիվ էին, սակայն՝ հիշարժան ստեղծագործական ու անկեղծ միջավայրում։

Այս համերգները, որոնք տեղի ունեցան ընդամենը մի քանի օրվա ընթացքում, վերածվեցին մշակութային կարևոր իրադարձության։ Տասնամյակներ անց դրանք դեռ հիշվում են որպես ճշմարտության և արվեստի մաքուր ներգործության վկայություն՝ հնչած մի մարդու կողմից, ով երբեք չդադարեց ասել այն, ինչ զգում էր, և երգել այնպես, ինչպես ապրել էր։
Պատրաստեց Արման Գալոյանը