Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․
«Սիրելի երևանցիներ, սիրելի հյուրեր, կինոաշխարհի ներկայացուցիչներ, այսօրվանից Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը։ Արդեն երկու տասնամյակ է՝ Երևանը հյուրընկալում է համաշխարհային կինոյի կարևոր անունների։
Փառատոնին միացել են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, Մարկո Մյուլերը, Ադա Սոլոմոնն ու բազմաթիվ այլ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրներից։
Երևանի քաղաքապետարանը կարևորում է ոչ միայն փառատոնի իրականացումը մեր քաղաքում, այլև դրա ազդեցությունը մշակույթի ոլորտում։ Սա նպատակային մշակութային քաղաքականություն է, որով Երևանը ձևավորվում է որպես ժամանակակից, բաց և ստեղծագործական քաղաք՝ կենդանի մշակույթով»։