Կառավարության՝ հունիսի 26-ի որոշմամբ Մինաս Ավետիսյանի՝ կառավարության դահլիճում գտնվող «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռի թանգարան։
Այս թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է թանգարանի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանի հետ։
- Ինչպե՞ս եք մեկնաբանում այս որոշումը, ո՞վ էր նախաձեռնողը:
- Համարում եմ ճիշտ և գրագետ որոշում, քանի որ թանգարանային արժեք համարվող առարկաները, տվյալ դեպքում` այդ որմնանկարները, պետք է գտնվեն թանգարանում, հասանելի լինեն հանրությանը: Ինձ համար կրկնակի ուրախալի է, որ որմնանկարները տեղափոխվում են Ջաջուռ` Ավետիսյանի թանգարան, ինչը դրական ազդեցություն կունենա թանգարանի այցելությունների վրա:
Որմնանկարների տեղափոխման նախագծի մասին դեռ ավելի վաղ ինձ տեղեկացրել են Հայաստանի ազգային պատկերասրահից, իսկ թե ինչու է այսպիսի որոշում կայացվել, տրամաբանորեն պարզ է:
- Ժամանակին ինչու՞ դրանք տեղադրվեցին կառավարության նիստերի դահլիճում:
- Դրա մասին շատ եմ խոսել, նորից կանդրադառնամ: Հայտնի է, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները, մնալով Գյումրիի կիսավեր գործարանների շինություններում, վնասվել էին և գտնվում էին կործանման եզրին: Առաջնային անհրաժեշտություն էր որմնանկարները տեղափոխել: 2010-2011թթ․ կառավարությունը որոշեց և տրամադրեց անհրաժեշտ ֆինանսական միջոցները «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների վերականգնման և տեղափոխման համար: Մտադրություն կար՝ պարբերաբար իրականացնել բաց դռների օր, որ մարդիկ կարողանան դիտել որմնանկարները: Ցավոք, մտադրությունը չիրականացավ: Այսօր փաստ է, որ այդ մշակութային արժեքները կան, պահպանված են:
- Ե՞րբ է նախատեսվում իրագործել այս ծրագիրը, և այս համատեքստում, թանգարանը ֆիզիկական հնարավորություններ ունի՞ այդ որմնանկարների ցուցադրության համար:
-Համաձայն որոշման` ծրագիրը պետք է իրականանա երկամսյա ժամկետում։ Թանգարանն ունի ֆիզիկական հնարավորություններ որմնանկարների ցուցադրության համար:
-Մինասից երկու որմնանկար գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում, մեկը` Երևանի առևտրի կենտրոններից մեկում: Դրանք մնալու՞ են, թե՞ ծրագիր կա՝ մեկտեղել որմնանկարները:
- Դուք մոռացաք նշել Գյումրիի քաղաքապետարանի շենքում գտնվող «Հայկական հովվերգություն» և «Գրանդ» հյուրանոցում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարները:
Որմնանկարների տեղակայման հարցը երբևէ իմ որոշելիքը չի եղել և չէ: Ինձ համար գերնպատակ է պահպանել դրանք: Եթե դնենք նժարին` պահպանել մշակութային արժեքը, թե չպահպանել, իհարկե, ընտրում ես առաջինը` պահպանել: Դեռ շատ տարիներ առաջ, երբ փորձում էի փրկել որմնանկարները, առաջարկում էի հենց Գյումրիում ստեղծել մոնումենտալ արվեստի յուրօրինակ թանգարան, որտեղ կցուցադրվեն 1970-ական թվականներին տարբեր նկարիչների կողմից ստեղծված որմնանկարները: Հետագայում, որմնանկարների վերականգնման գործընթացում, բախվեցինք այս լուրջ խնդրին` Գյումրիում չկային հարմար պատեր դրանց տեղափոխման համար:
- Կա՞ն դեռ չվերականգնված որմնանկարներ, որ սպասում են փրկության իրենց հերթին:
-Ոչ, չկան:
-Ի՞նչ կավելացնեք:
- Ինքնին, որմնանկարի վերականգնումը թանկ հաճույք է, շատ եմ կարևորում դրա հետագա պահպանումը: Նրանք, ովքեր հանձն են առել որևէ որմնանկար պահել իրենց տարածքում` բխող ողջ պատասխանատվությամբ, պետք է համապատասխան մարմինների կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվի որմնանկարների պահպանման մոնիտորինգ:
Զրուցեց՝ Արման Գալոյանը