Մշակույթ

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է։

Նա ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։

Սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որն ավարտելուց հետո` 1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`   ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

1953թ. տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար`   Վ.Վաղարշյան)։ 1959թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում։

Մհեր Մկրտչյանը նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։ 

1986թ. ԱՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով։ Թատրոնի բացումը կայացել է Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի էմանլե Քաստանիեյի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը: 

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին։

Մհեր Մկրտչյանի անձնական կյանքը լի է եղել բարդ փորձություններով ու մարդկային դրամաներով։ Նրա ամուսնություններից յուրաքանչյուրը թողել է խոր հետք՝ ոչ միայն դերասանի ճակատագրում, այլև նրա ընտանիքի պատմության մեջ։

Մկրտչյանի առաջին կինը եղել է Քնարան՝ նրա համակուրսեցին։ Այդ ամուսնությունը երկար չի տևել։

Դերասանի երկրորդ կինը եղել է Դոնարա Մկրտչյանը (1941–2011), որն աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում։ Դոնարան նաև կինոյում է հանդես եկել․ «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմում նա մարմնավորել է ընկեր Սաախովի վարորդ Ջաբրայիլի կնոջ կերպարը։ Սակայն նրա կյանքը ողբերգական ընթացք է ունեցել․ Դոնարան տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ։ Նա երկար տարիներ հոսպիտալացված է եղել՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում։ Իր կյանքի վերջին քառորդ դարը նա անցկացրել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։

Դոնարայի և Մհեր Մկրտչյանի դուստրը՝ Նունե (Նինա) Մկրտչյանը (1959–1998), մահացել է Արգենտինայում՝ վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Նրա դուստրը՝ Գայանե (նաև հայտնի որպես Իռեն), այժմ ապրում է Արգենտինայում։

Մկրտչյանի որդին՝ Վազգեն Մկրտչյանը (ծնված՝ Վահագ, 1972–2003), նույնպես ժառանգել է մոր հոգեկան հիվանդությունը։ Նա մահացել է երիտասարդ տարիքում։

Դերասանի երրորդ կինը եղել է Թամարը՝ դերասանուհի և գրող Հրաչյա Հովհաննիսյանի դուստրը։