«ՀայԱրթ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայտնի նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Ի խորոց սրտի» ցուցահանդեսը:
«Ի խորոց սրտի» նախագիծը բաղկացած է երկու հիմնական շարքից՝ փոքր ձևաչափի թվային տպագրություններից և մեծ կտավներից (200x180 սմ):
Թվային տպագրությունները ներառում են պատկերային աղավաղումներ՝ հիշեցնելով գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի ֆոտոռեալիստական ոճը: Դրանք պոստմոդեռն սիմուլյացիայի տեսողական արտահայտություններ են, որտեղ պատկերները խեղաթյուրված են միտումնավոր։ Նկարիչը դրանց միջոցով ցույց է տալիս անհատականության կորուստն՝ անգամ աստվածայինի մեջ, ընդգծելով, որ զանգվածային կրկնօրինակումը և թվային պատճենները զուրկ են օրիգինալ հմայքից:
Մինչդեռ մեծ կտավները ստեղծված են յուղաներկով՝ բազմաշերտ իմպաստո տեխնիկայի կիրառմամբ:
Մեծ կտավները նպատակ ունեն վերականգնել մարդու իրական զգացմունքներն ու հույզերը: Յուրաքանչյուր նկար դառնում է նկարչի անձնական տեսլականի արտահայտություն՝ ընդգծելով ինքնարտահայտման և հեղինակային ճշմարտության կարևորությունը սիմուլյացիաներով լի աշխարհում: Բազմաշերտ հյուսվածքներն ու արտահայտիչ գույները, որոնք փոխազդում են լույսի հետ, դիտողի մոտ առաջացնում են խորը հուզական արձագանք:
Եթե թվային աշխատանքները ներկայացնում են սառը, ռացիոնալ մոտեցում, ապա մեծ կտավները շեշտը դնում են մարդկային ջերմության և զգացմունքների վրա: Նարեկ Ավետիսյանը ոգեշնչվել է Գրիգոր Նարեկացու «Ի խորոց սրտի» գաղափարից՝ խորացնելով մարդու ներքին երկխոսությունը հոգևորի և աստվածայինի հետ, և հենց այդպես էլ վերնագրել է իր ցուցահանդեսը, նաև՝ մեծ կտավների շարքը։
Ա. Գալոյան