Մարտի 29-ին Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։
Համերգի ընթացքում կհնչի նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիյա Կանչելիի յուրօրինակ խոհափիլիսոփայական «Styx» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ալտահար Սառա ՄըքԷլրավիի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ, ինչպես նաև՝ Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։