Մշակույթ

«7 ճանապարհ» ինտերակտիվ գրքույկը՝ ճգնաժամը, սթրեսը հաղթահարելու միջոց

Մարտի 14-ին կայացել է հոգեկան առողջությանը նվիրված «7 ճանապարհ» ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի շնորհանդեսը։

«7 ճանապարհ»-ը հոգեկան առողջությանը նվիրված նախագիծ է, որի նպատակն է օգնել Արցախից տեղահանված բնակչությանը և, ընդհանրապես, հայությանը հաղթահարել կյանքի բարդ փուլերը, ճգնաժամը, ճանաչել նոր իրականությունը և փնտրել նոր ճանապարհներ՝ շարունակելով ապրել և արարել։ «7 ճանապարհ»-ը ներառում է համանուն տասն էպիզոդներից բաղկացած YouTube-յան փոդքասթ և անվճար ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկ։

«7 ճանապարհ» ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի յուրաքանչյուր թեմայի վերջում առկա են հոգեբանական վարժություններ, ուղղորդիչ հարցադրումներ, որոնք օգնում են առավել պարզ և մատչելի կերպով յուրացնել նյութը։ Գրքույկում հնարավոր է գրառումներ անել՝ կիսվել մտորումներով, հույզերով։

Գրքույկի հեղինակ, կլինիկական հոգեբան Նարե Գրիգորյանի խոսքով ձեռնարկում տեղ են գտել հիմնականում այն տեխնիկաներն ու վարժությունները, որոնք միտված են ճգնաժամի ժամանակ հոգեբանական կայունության պահպանմանը. «Մենք չենք ծանրաբեռնել գրքույկը մասնագիտական տերմիններով, ավելին՝ գրքույկին զուգահեռ թողարկվել է փոդքասթ, որտեղ մանրամասն բացատրվում է՝ ինչպես օգտվել գրքույկից և օգնել ինքդ քեզ դուրս գալու ճգնաժամից»:

Նարե Գրիգորյանը պատմում է նաև, որ նախագծին մասնակցելու առաջարկն ստանալիս չէր էլ ենթադրում, որ այն լայն արձագանք կունենա հանրության շրջանում. «Ի սկզբանե կարծում էի, որ կներգրավենք փոքր թիրախային խումբ, սակայն աստիճանաբար նախագիծն սկսեց ընդլայնվել և հիմա արդեն այն օգնության ձեռք է առաջարկում բոլորին, ովքեր ունեն հոգեբանական աջակցության կարիք»:

Գրքույկի խմբագիր, կլինիկական հոգեբան Աննա Եվդոկիմովայի խոսքով՝ գրքույկի մեջ ներառված տեխնիկաները կարող են կիրառել բոլորը, անկախ գտնվելու վայրից կամ մշակույթից. «Ամբողջ աշխարհում է հիմա ճգնաժամ, իսկ մեր հասարակությունում՝ առավել ևս, հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն ու երկարատև անկայունությունը: Այս ձեռնարկը միտված է օգնելու մարդկանց սկսել հոգ տանել իրենց մասին»:

«7 ճանապարհ» գրքույկի շնորհանդեսին ներկա էին հոգեբաններ, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք, ովքեր կիսվեցին ճգնաժամային իրավիճակներում գտնվող մարդկանց հետ աշխատանքի իրենց փորձով։ Միջոցառմանը ներկա «Առաջ և հիմա» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Տիգրան Դովլաթյանն ընդգծեց հատկապես փոդքասթի առկայությունը. «Առաջին անգամ եմ տեսնում նման բովանդակություն հայալեզու տիրույթում և միանգամից գնահատեցի դրա արդյունավետությունը: Շատ կարևոր է պարզ, մատչելի բացատրել՝ ինչպես առերեսվել խնդիրների հետ և փորձել լուծել դրանք»:

«7 ճանապարհ» գրքույկը հասանելի է հետևյալ հղումով։ Համանուն փոդքասթը կարելի է դիտել հետևյալ հղումով։