Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկավ գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 255-ամյակին նվիրված համերգով։ «Ճակատագիրը թակում է դուռը» խորագրով համերգի ծրագրում ներառված էին Բեթհովենի հանրահայտ 5-րդ սիմֆոնիան՝ «Ճակատագրի սիմֆոնիան», և Դաշնամուրի թիվ 5 «Կայսերական» կոնցերտը։ Կոնցերտը նվագախմբի հետ կատարեց տաղանդաշատ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Իշխանովը։
Բեթհովենը դասական երաժշտության մեջ կլասիցիզմի և ռոմանտիզմի ժամանակաշրջանների կարևորագույն գործիչներից է և համարվում է ամենահայտնի ու ազդեցիկ կոմպոզիտորներից մեկը։ Նա ստեղծագործել է իր ժամանակաշրջանում գոյություն ունեցող երաժշտական բոլոր ժանրերում։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշում է, որ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան իր համար խիստ յուրահատուկ է, լի էմոցիոնալ մեծ պաշարով։ Ստեղծագործությունը տիեզերական մեծ ուժ ունի։ Մաեստրո Սմբատյանը նշում է, որ Հայաստանից դուրս տարբեր նվագախմբերի հետ ներկայացրել է այս ստեղծագործությունը, սակայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարում է առաջին անգամ։ Դիրիժորի դիտարկմամբ՝ Բեթհովենն այն կոմպոզիտորն է, որին չի կարելի չսիրել։ Եվ այդ սիրո արտահայտությունը երեկոյի ընթացքում ունկնդիրներով լեփ-լեցուն դահլիճն էր։ «Բեթհովենը մարդկանց տալիս է հսկայական ուժ, էներգիա։ Նա կարող է փոխել մարդկանց պատկերացումները դասական երաժշտության վերաբերյալ։ Բեթհովենն այն տաղանդն է, որը ժամանակից դուրս է և շատ մարդկանց կարող է բերել դեպի դասական երաժշտություն»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։
Համերգային երեկոյի ընթացքում ունկնդիրը մեծ ջերմությամբ ընդունեց նաև Բեթհովենի դաշնամուրային 5-րդ կոնցերտը, որը մեծ վարպետությամբ ներկայացրեց դաշնակահար Դմիտրի Իշխանովը։ Նա երիտասարդ սերնդի ամենատաղանդավոր դաշնակահարներից է։ 2021 թվականին Իշխանովը Parma Recordings ձայնապիտակի հետ թողարկել է իր առաջին ձայնասկավառակը՝ «Վիրտուոզ» վերնագրով, որում նա կատարում է Շոպենի ստեղծագործությունները։ Դմիտրի Իշխանովը մեծ հաջողությունների է հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և ակտիվ ելույթ է ունենում տարբեր փառատոների շրջանակներում՝ Լյուցեռնի փառատոն, Վաշինգտոնի՝ Դաշնամուրի միջազգային փառատոն և այլն։ Նա ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Բոննի «Բեթհովեն հաուսը», Ամստերդամի «Կոնցերտգեբաուն», Համբուրգի «Էլբֆիլհարմոնիան», Ցյուրիխի «Տոնհալլե» համերգասրահը։ 2017 թվականին Լյուցեռնի փառատոնի ժամանակ փառահեղ ելույթից հետո «Luzerner Zeitung» ամսագիրը Դմիտրի Իշխանովի մասին գրել է. «Եվգենի Կիսին, Գրիգորի Սոկոլով՝ ձեր իրավահաջորդն է գալիս...»։