Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ հնչեց Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի եզրափակից համերգի ընթացքում տեղի ունեցավ հայաստանյան պրեմիերա. առաջին անգամ հնչեց ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ այն կատարեց դաշնակահար Ռիեկո Ցուչիդան։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Իր գործունեության ընթացքում Միշել Լեգրանը 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին։ Նա հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակներ։

Դաշնակահարուհի Ռիեկո Ցուչիդան առաջին անգամ է ներկայացնում Լեգրանի դաշնամուրային կոնցերտը և ինչպես ինքն է խոստովանում, կատարում է մեծ հաճույքով։ Ռիեկո Ցուչիդան նշում է, որ ինքը սկսել է բացահայտել ավելի շատ հայ կոմպոզիտորների։ Ծանոթ է Արամ Խաչատրյանի արվեստին և կատարել է նրա ստեղծագործություններից (հատկապես կամերային)։

Երեկոյի ընթացքում հնչել է նաև Վարդան Աճեմյանի Թիվ 4 սիմֆոնիան։ Վարդան Աճեմյանն իր սերնդի ամենաշնորհալի կոմպոզիտորներից է, ում ստեղծագործությունները կատարվել են Հայաստանում, Բուլղարիայում, Չեխիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Իսլանդիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է և 2010 թվականին հիմնադրվելուց ի վեր անշեղորեն հետևում է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանման և ճանաչման ընդլայնման իր առաքելությանը։ Ամենամյա փառատոնը կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ջանքերով և մշտապես ունեցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությունը, իսկ 2022 թվականից այն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի ռազմավարական գործընկերն է Team Telecom Armenia ընկերությունը։

Փառատոնի շրջանակում երաժշտասեր հանրությանը ներկայացվել են հայ կոմպոզիտորների՝ երկար տարիներ չհնչած մեծաթիվ ստեղծագործություններ, ինչպես նաև մերօրյա կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ։ Փառատոնի նպատակային բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը։ Փառատոնի գոյության ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների 100-ից ավելի ստեղծագործություններ, ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 170-ից ավելի պրեմիերաներ։