Մշակույթ

«Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է». Սամվել Մկրտչյան

«Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է». Սամվել Մկրտչյան

Այսօր վաղամեռիկ թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է. լրացավ նրա 66-ամյակը։

Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է հատվածներ Սամվել Մկրտչյանի հարցազրույցներից։

Հատված Սամվել Մկրտչյանի հետ Վարդուհի Սիմոնյանի հարցազրույցից։

– Ի՞նչը կարող է մեզ մի քիչ կարգի բերել. դատելով Ձեր հրապարակային խոսքից՝ Դուք կարծես, ոգեւորված էիք քաղաքացիական շարժումներով…

– Ոչ դեմոկրատիան. այն սպառել է իրեն և վերածվել չարիքի: Դեմոկրատիան պարարտ հող դարձավ մարդկության շարունակական այլասերման համար: Ջ. Լենոնը երգում էր. «Քեզ բթացնում են կրոնով, սեքսով ու TV-ով»: Անձամբ ինձ պետք չէ դեմոկրատական-կղերական սուտ շիլան: 21-րդ դարում ամոթ է fucking peasant (նույն երգից է) լինել ու մամուլը հեղեղել անգրագետ գողերի մասին լուրերով ու նրանց հետ հարցազրույցներով: Մենք կյանքի կոչեցինք Օրվելի անասունների ագարակը: Բայց առանց ջանք թափելու կարելի է մի շատ պարզ բան հասկանալ՝ եթե չարիքը պարբերաբար վերարտադրվում է, հարկավոր է այն խեղդել: Հիասթափված լինելով հանդերձ (կամ այդ պատճառով) ես ռադիկալ քայլերի կողմնակից եմ: Ինձ այսօր ջղայնացնում է այն ամենը, ինչ խանգարում է իմ քաղաքացիական անհնազանդությանը: Non serviam, Ջոյսի սկզբունքն է. «Չեմ ծառայի»՝ ոչ պետությանը, ոչ՝ եկեղեցուն:

– Մեր երկրում արդեն մարդու կյանքի հետ անհամատեղելի դրություն է ստեղծվել. կարելի է ասել՝ աղետ է. ազնիվ, մտածող խավն, ով դեռ երեկ կարողանում էր իրենն աներ ու իրենն ասեր, արդեն մատնվում է սովի: Ի՞նչ կասես քո այդ եղբորը:

– Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է: Ինչպես մարդիկ, ում անկաշառ ես կարծել, հերթով, հեշտուհանգիստ խուրդվեցին: Իսկական ռնգեղջյուրացում: Հայաստանում գենային, օրգանական տեսակի աղետ է տեղի ունեցել. մտավորականության տեղը զբաղեցրել են ինչ-որ մուտանտ-դեգեներատներ, ովքեր դրամատիրական կարգեր են հաստատել: Ուշադիր նայեք ամենուր հայտնվող դրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիոն խախտման հետևանքները: Զզվելի է ապրել մի երկրում, որտեղ յուրաքանչյուր 10-ից 9-ի հետևում ուրիշի ականջներ են ցցված: Ծախվածն ավելի վտանգավոր է, քան գնորդը. վերջինս իր գործը հստակ է անում, քանի որ ծախվածների հսկայական բանակ ունի՝ յուրաքանչյուր գումարտակ, վաշտ, ջոկատ իր յուրօրինակ տեսակով: Սա ոգու սովն է, իսկ մեծագույն աղետը հոգու աղետն է, որից ավելի սարսափելին՝ այդ աղետը հավուր պատշաճի ընդունելն է: Սովյալը մի կերպ հաղթահարում է սովը, օլիգարխ դարձած գողը՝ երբեք: Դրանք բոլորը միասին վերցրած նույնիսկ գոմաղբ չարժեն, բայց երկիրը վերածեցին գոմի

***

Հատված 2011թ Lragir.am կայքին տված հարցազրույցից. այդ օրերին լույս էր տեսել Սամվել Մկրտչյանի թարգմանած Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը։

- Վերջապես Ձեր թարգմանությամբ լույս տեսավ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ը, բայց չենք կարող սկսել «ընթերցողի սեղանին է...», կամ «արդեն գրախանութներում է..» լրագրողական առաջաբանով, քանի որ գրքի վաճառքն իրականացվում է միայն համացանցով:

- Ավելին, այն լույս է տեսնում «Տպագրություն ըստ պահանջարկի» եղանակով, որը գրահրատարակության տարածված ձևերից մեկն է: «Ուլիսես»-ը կտպագրվի այնքան, որքան կունենա ընթերցող: Մյուս կողմից, ինքս չեմ ուզում այս գիրքը տեսնել գրախանութներում, որոնք ասես փայլփլուն թղթի թափոնի պահեստներ են դարձել. Յուրաքանչյուր լավ գիրք այնտեղ ուղղակի կորչում է:

- 25000 դրամը թանկ գին չէ՞ գրքի համար:

- Եթե դա թանկ գին է, ուրեմն իմ կողմից հիմարություն էր այս գիրքը թարգմանելը, ծանոթագրելը, սրբագրելը, ձևավորելը: Ես հաղթահարել եմ բոլոր դժվարությունները. հիմա հերթը ընթերցողինն է: Ուզո՞ւմ է իսկական գրականություն՝ թող մի անգամ իրեն զսպի ամենակուլ սուպերմարքեթների զամբյուղային գայթակղությունից: Հայաստանում չկա մի մարդ, ով իսկապես ցանկանա և չկարողանա այս գիրքը գնել: «Ուլիսես»-ը հումանիտար օգնություն չէ: Արդեն երկու տարի ինձ հարցնում են՝ ե՞րբ կունենանք «Ուլիսես»-ը: Պատասխանում եմ. երբ համացանցով այն պատվիրեք: Վերջին հաշվով, յուրաքանչյուր խմբաքանակի (ասենք, 50 օրինակի) վաճառքից է կախված հաջորդ խմբաքանակի տպագրությունը:

- Պետական աջակցություն ստացե՞լ եք:

- Այս երկրում աջակցություն ստանում են միայն փինաչիներն ու քիսաչիները: «Ուլիսես»-ի թարգմանությունը նշանակում է լեզվի հարստացում. իրեն հարգող ո՞ր պետական խուժանը կգնար նման քայլի: Ի դեպ, 20-րդ դարասկզբի Իռլանդիան գաղութ էր, ինչպես այսօրվա Հայաստանը, որին նույնպես դարձրել են իր ձագերին խժռող մի մայր խոզ: Իռլանդիան բրիտանական լծից ազատագրվեց 1922-ին, երբ լույս տեսավ «Ուլիսես»-ը: Մենք նույնպես շուտով կազատվենք ռուսական ֆաշիզմից: Մեր լեզուն պահպանելու և զարգացնելու տեսանկյունից՝ այս գիրքը հրատարակվում է ճիշտ ժամանակին: Ամենադժվարին հատվածները ես համեմատել եմ այլ թարգմանությունների հետ. ոչ մեկը չունի հայերենի հնարավորությունները:

- Նույնիսկ ռուսերե՞նը:

- Հատկապե՛ս ռուսերենը: Երկու տասնյակ լեզուներից բացի՝ մյուսները սահմանափակվել են 18-ից լավագույն դեպքում 2-3 գլուխ թարգմանելով: Թարգմանիչներն անում են այն, ինչ իրենց լեզուն թույլ է տալիս: Այսինքն՝ որպես տեքստային հզոր շինություն՝ «Ուլիսես»-ը լեզվական հնարավորությունների չափորոշիչ է:

- Այնուամենայնիվ, ոչ բոլորն են ի վիճակի գնել այս գիրքը:

- Իսկ ո՞վ ասաց, որ գիրքը բոլորի համար է, կամ ո՞վ է պարտադրում: Վերջին հաշվով, այսօր էլ հանգիստ ապրում են առանց «Ուլիսես»-ի՝ վայելելով հիմնականում ձրի պարտադրած ապրանք, որը գրականության ինչ-որ տարրեր է պարունակում: Բայց սա հավերժական թեմա է. մեկը գնից է խոսում, մյուսն՝ արժեքից:

- Կարելի է եզրակացնել, որ գիրքն ընտրյալների համա՞ր է:

- Ոչ: Մենք բոլորս նախևառաջ ընթերցող ենք: Իսկ որպես թարգմանիչ, ես ամեն ինչ արել եմ, որ ընթերցողը նեղություն չքաշի. նկատի ունեմ լուսանցքային ծանոթագրությունները: Ոչ մի լեզվով «Ուլիսես»-ն այսպես չի հրատարակվել: Ընթերցողին մնում է միայն հարմար դիրք ընդունել:

- Ընդամե՞նը:

- Եվ ընթերցել. քիչ մնաց մոռանայի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական