Մշակույթ

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակն է

Այսօր հայ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակն է։

Մաթևոսյանը ծնվել է 1935թ․ փետրվարի 12-ին՝ Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։

Գրական և կրթական ուղին սկսվել է գյուղի դպրոցում, այնուհետև նա շարունակել է ուսումը Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1958-1962թթ․ Հրանտ Մաթևոսյանը սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետում։ Ուսման ընթացքում նա աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու «Գրական թերթ»-ում՝ որպես սրբագրիչ։

Նրա գրական գործունեությունն սկսվել է 1959 թվականին՝ «Տափաստանում» ակնարկի հրապարակմամբ։ Դրանից հետո՝ 1961 թվականին լույս տեսած «Ահնիձոր» ակնարկը նրա ամենահայտնի գործերից դարձավ։ Մաթևոսյանը ներկայացնում է գյուղի և գյուղացու վիճակը, ինչն էլ դարձավ նրա ամբողջ ստեղծագործության հիմնական թեման։

1967 թվականին լույս է տեսնում նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը։ ՍՍՀՄ գրողների միության անդամ էր 1964 թվականից, իսկ 1996-2000թթ․ գլխավորում էր Հայաստանի գրողների միությունը։

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են բազմաթիվ լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդավերեն և այլն։

Մաթևոսյանը մահացել է 2002թ. դեկտեմբերի 19-ին՝ Երևանում։

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակի առթիվ ներկայացնում ենք մի քանի մեջբերում նրա ստեղծագործություններից.

«Ծանր է թշնամու ատելության մեջ ապրել։ Բայց անտանելիորեն անհնար էր լինելու նրա արհամարհանքի մեջ քարշ գալը։ Ծանր է պարտությունը, բայց ավելի ծանր՝ փախչելը։ Շփոթված դեսուդեն ես ընկնում, քեզ պատերով ես խփում և չե՛ս ազատվում, չե՛ս հեռանում թշնամու քամահրանքից, որովհետև դա նաև քո քամահրանքն է քեզ»։

***

«Ձեր հարցին ես կարող էի պատասխանել այսպես. «Մթնոլորտը, ոչ, չի պարպվել. դեռ դարաններ են սքողվում, դեռ դղյակներ են հօդս ցնդելու, դեռ արյունոտ հաշվեհարդարներ են լինելու, Հայն ու Հայը, Հայն ու Հայաստանը դեռ անցնելիք ճանապարհ ունեն իրարից հեռանալու», մանավանդ որ Վանոն տարիներ առաջ նետել է. «Սեփականաշնորհման դաշտը մեզանում ականապատված է», իսկ ինչ Վանոն է իր նման կարճուկտրուկ ասել՝ քարին գրելիք ճշմարտություններ են: Կամ կպատասխանեի այսպես. «Ոչ պառլամենտում, ոչ այլուր ոչ մի պայթյուն չի լինելու. պահակություններն ուժեղացնելու, դարպասները գոցելու ու դժգոհ վնգստացողներին դրսերում թողած՝ բեկի իրենց հանգիստ մրափին են լինելու»: Եվ երկու դեպքում էլ Դուք դժգոհ չէիք մնա, քանի որ երկու դեպքում էլ մեր գալիք իրականությունից ներառված կլինեին բավական շատ դեպքեր ու դեմքեր:
Բայց բանն այն է, որ մեզանում կաթվածահարվել է հենց ինքը մթնոլորտը. առաջամարտիկն արդեն ճանապարհը բացել է, և շատ հնարավոր է, որ վաղը ոմն մի ապուշ հանուն նույն առաջընթացի կրկնի ու երրորդի նրան, բայց այդ աղետների որոտը այլևս չի գլորվի մեր համազգային երկնքով մեկ, համազգային միասնական մեր մարմինը այլևս չի փշաքաղվի, այդ կրակահերթերը կլինեն մեր համազգայնորեն մեռած մարմնին, այդ պայթյունները մեզ համար կհնչեն որպես հեռավոր մի երկրում եղած կամ չեղած քստմնելի պատահարի լուր: Օտար երկի՞ր, անօդ տարածությո՞ւն՝ ուր իրողություններն ու իրերը լողում են իրենց կշիռն ու նշանակությունը կորցրած, թե՞ լուսնային ինչ-որ լանդշաֆտ՝ ուր ձայն ես տալիս և քո ձայնը չես լսում, հոկտեմբերի 27-ով ահա այս Հայաստանը գտան 27-ի զորավարները, 27-ից հետո ահա այս դարձանք մենք և երկիրը»:

«- Քո Սարյա՞նն է չար, Կոմիտա՞սը, Չարե՞նցը, Թումանյա՞նը, Մյասնիկյա՞նը, Գարեգին Նժդե՞հը... մեր փոքրիշատե արտահայտված ո՞ր անհատն է իրենով չարություն նշում. ընդհակառակը՝ նրանց բոլորին հատկանշում է մի բան, որ ինձ աստվածաշնչյան Առակավոր որդուն է հիշեցնում. կարելի է, չէ՞, Առակավոր ասել Անառակի եղբորը՝ որ իրեն վայելքների ու արկածների չի տվել, չի հարաբերվել խոյանքի ու անկման սահմաններին, չի մսխել ու մսխվել, հոր կորուստների ու կարոտների աշխարհ չի մտել, և այլն, այլ լռիկ ու անանուն միշտ ներկա ու ներկայությամբ հոր կարոտների աշխարհից բացակա՝ հանդից տուն, տնից հանդ ճանապարհին է, հոր տունը պահում է: Մեր ամբողջ հաջողվածը իսկապես գալիս է Առակավորի այդ դիմապատկերին:
Մնացյալիս և զանգվածի մասի՞ն է խոսքը, նրանց՝ ովքեր օրավուր բարձրացող Սարյանի շուրջը գազազում էին, Չարենցին կերան, Կոմիտասին այստեղից արտաքսեցին, Թումանյանի դեմ հարյուրներով հոդվածներ ու մատնագրեր... և այլն, և նրա՞նց՝ ում ժողովուրդ ենք ասում: Դա չարություն չէ, դա խեղճություն է, անկարություն. Կորտասարի պատմվածքի սաքսաֆոնահարը գազազում ու գործիքը ջարդում է այն պահին, երբ իրեն թվում էր, թե նվագով ահա-ահա գաղտնիքների վերին ոլորտ, խորհրդավոր ինչ-որ շքեղ ապարանք է մտնում, բայց վերջին պահին հենց քթի տակ դռները փակեցին: Դա, ահա, մերժվածի դառնություն է, Թումանյանը դառնացած էր ասում և պատճառաբանում էր ոտնակոխ տրորվածի Հայոց մեր պատմությամբ, ես անկարություն եմ ասում: Անկարություն՝ նկարչին Սարյանի աշխարհ ընկնելու, բանաստեղծին՝ Չարենցի, գիտնականին՝ Համբարձումյանի, բանվորին՝ բարձր արտադրողականության, գյուղացուն՝ ծավալուն ու ծփուն մեծ ֆերմաների ու նախիրների, և այլն. դրանք թերևս տարբեր աշխարհներ չեն՝ հաջողվածների ու բավարարվածների մեկ և նույն շքեղ աշխարհն է, շուրջը՝ մերժված-դառնացածներիս աշխարհը»:

« Միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունը պառավ ջադու է դառնալու կպչի թիկունքիդ, ինչ կողմի վրա ուր էլ գնաս՝ վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թուրքը՝ ջահել մարդ ես՝ չե՞ս ամաչում, էդ ինչ ես շալակել, ասելու են, կի՞նդ է, եկեղեցով հետը պսակված ես, չե՞ս կարողանում բաժանվել, թե՞ մայրդ է, ինքն է քեզ բերել՝ պարտավոր ես. գցիր, ասելու եմ, շան լակոտ, խայտառակ սկսել ես՝ խայտառակ էլ փակո՞ւմ ես ցեղիդ պատմությունը. միա՛յն հաղթանակ, և կյանքդ նժույգ է դառնալու՝ քեզ իր թամբին առնի, և բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու և քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թշնամիդ. միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունն էլ, հաղթանակն էլ՝ երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը՝ մթնած մարդը, քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլևս չունես, քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելո՞ւ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր»:

«Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում»։

«Մարդը չպիտի էնքան քաղցր լինի որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի որ թքեն»:

«Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես: Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր»: