Մշակույթ

Մոնա Լիզան տեղափոխվում է

Ֆրանսիայում հայտարարվել է Լուվրի թանգարանի լայնածավալ վերակառուցման ծրագրերի մասին։

Վերակառուցման ընթացքում Լուվրի ամենահայտնի ցուցանմուշը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, կտեղափոխվի նոր սենյակ, որտեղ կտավը կարելի է դիտել թանգարանի մնացած հավաքածուից առանձին՝ վարձավճարով։

Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի վերաբերյալ այս հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արել է հենց Լեոնարդոյի այս գլուխգործոցի մոտ։

Բացի «Ջոկոնդայի» համար առանձին տարածքից, թանգարանը պետք է ունենա երկրորդ մուտք զբոսաշրջիկների համար, որպեսզի ինչ-որ կերպ բեռնաթափի իրավիճակը։

Նոր մուտքի հայեցակարգը կմշակվի հատուկ անցկացված միջազգային ճարտարապետական մրցույթի արդյունքում։

Մակրոնի խոսքով, աշխատանքները պետք է տևեն մոտ հինգ տարի, և նորացված Լուվրը այցելուների համար իր դռները կբացի ոչ ուշ, քան 2031 թվականը։