Մշակույթ

Երևանում կցուցադրվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը

Հունվարի 9-ից ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը Երևանում էկրաններին կլինի: Երևանյան պրեմիերան կայանալու է  Փարաջանովի ծննդյան օրը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում: «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի շնորհիվ հայկական դրոշն ու կինոն ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո վերադարձան Վենետիկ:

«Պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա, դասական ինքնակենսագրական չէ: Սա տվյալ հեղինակի ճանապարհն է, ով փորձում է գտնել լուծումներ: Իսկ Սերգեյ Փարաջանովը հայտնի էր նաև նրանով, որ նա կարողանում էր շարունակել իր գործն անկախ ամեն ինչից: Նշեմ, որ ֆիլմն ստեղծելիս բոլոր դժվարությունները մի կողմ են դրվում, քանի որ Փարաջանովի կողմից, կարծես, օրհնված նախագիծ էր. բոլոր 9 հերոսների՝ ֆիլմում հայտնվելը, կարծես, ճակատագրական լիներ»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Ջյանը:

Ֆիլմի հերոսներն են ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, դերասանուհի Չուլպան Խամատովան, կինոքննադատ Ժոել Շապրոնը, ռեժիսոր Ալի Խամրայեվը, Լորա Գուերրա (Թ. Գուերրայի կինը), ակադեմիկոս Լևոն Աբրահամյանը, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Ֆիլմի հեղինակների խոսքով՝ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Սերգեյ Փարաջանովն է:

Հերոսները պատմում են Փարաջանովի հետ առաջին հանդիպման, նրանից ստացած տպավորությունների, նրա բացառիկ, յուրահատուկ լինելու, հանճարեղության մասին: Հերոսները բաժանված են 3 խմբի. հետխորհրդային ժամանակի մշակութային գործիչներ, Ս․ Փարաջանովի գործընկերներ և ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ: Բոլոր հերոսներին միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:

Թե՛ մասնակիցների ներգրավմամբ, թե՛ նկարահանումներում, թե՛ փառատոներին մասնակցությամբ այս ֆիլմը դարձել է միջազգային: Զառա Ջյանը, ով նաև ֆիլմի հեղինակը և հապրոդյուսերներն է, զրույցում ասաց, որ Վենետիկից հետո մեկնել էր Նեապոլ, Սերբիա և Արգենտինա:

«Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնից հետո, որտեղ ընդգրկված էինք պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում, հաջող ցուցադրություն ունեցանք նաև Բելգիայում: Մասնակցեցինք հեղինակավոր Film Fest Gent-ին: Նույն ջերմ ընդունելությանն արժանացանք նաև Սերբիայում, որտեղ մասնակցում էինք Belgrade Auteur's Film Festival-ին: Ցանկանում եմ նաև անպայման խոսել Նեապոլում տեղի ունեցած ցուցադրության մասին: Երիտասարդները ցուցադրությունից հետո մեկ ժամ հարցեր էին տալիս, շնորհակալություն էին հայտնում՝ նշելով, որ ճանաչեցին Փարաջանովին: Ըստ նրանց՝ ծանոթացան մեր տարածաշրջանի խնդիրների հետ: Շատ հուզված էինք. ակնկալում ենք, որ նույն ոգևորությունը կլինի նաև Երևանում: Հատկանշական էր նաև մեր մասնակցությունը Արգենտինայում տեղի ունեցող Mar del Plata International Film Festival-ին: Պատմական պահ էր, քանի որ Սերգեյ Փարաջանովը 59 տարի անց մեր ֆիլմով «վերադարձել» էր տվյալ փառատոն: 1965 թվականին Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ստացել էր փառատոնի գլխավոր մրցանակը: Փարաջանովի 100-ամյակի առիթով մեր ֆիլմը ընգրկված էր նրան նվիրված ծրագրի մեջ»,- ասաց ռեժիսորը:

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմն սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն-թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ 

Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմներն ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է, գուցե, միակ ճիշտ ընտրությունը տոկսիք իրականության պայմաններում և այլն: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունեն՝ չնայած արգելքներին և բռնապետություններին:

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անի Որսկանյանը, Զառա Ջյանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։