«Հայ Արտ» կենտրոնում «Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով բացվել է ստամբուլահայ նշանավոր բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։
Զահրատը (Զարեհ Յալտըզճեան) ժամանակակից արևմտահայալեզու գրականության ամենաինքնատիպ գրողներից է։ Հայաստանում հրատարակվել են (1978, 2004, 2007) նրա գրքերը, բայց հայաստանցի ընթերցողը բավարար չափով ծանոթ չէ այդ ստեղծագործություններին։
100-ամյա հոբելյանը լավ առիթ է՝ բացահայտելու Զահրատի բանաստեղծական աշխարհը, որը հուզական և խոհական բարդ հանգույցներ ունի։
Իսկ հղացումը հայելային է. Զահրատը ստեղծել է մի կերպար, որն իրականում ինքն է։ Այդ կերպարը նրա բանաստեղծություններում հաճախ հանդիպող Կիկոն է։ Կիկոն նրա կենսագրությունն է՝ միախառնված ծննդավայր քաղաքի՝ Ստամբուլի տեսարաններով, մարդկանցով, կենցաղով։
Նկարիչ, կոմիքսի բազմաթիվ գրքերի հեղինակ Լևոն Գյուլխասյանի գծանկարներով և հեղինակի՝ տարբեր տարիներին արած գրաֆիկական աշխատանքներով փորձ է արվում ընթերցողին ավելի մոտեցնելու այն աշխարհին, որն ստեղծել է Զահրատը։
Ցուցահանդեսի հայեցակարգը մշակել և իրագործել է «Ֆակտում» փաստագրական կենտրոնը՝ «Ակտուալ արվեստ» մշակութային կազմակերպության աջակցությամբ։
Ցուցահանդեսը «Հայ Արտ» կենտրոնում բաց կլինի 2024 թվականի դեկտեմբերի 6-16-ը. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։