«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 16-րդ փառատոնին այս տարի առաջին անգամ միացած Իսպանիայի Թագավորության դեսպանությունը լիահույս է շարունակելու և խորացնելու համագործակցությունը փառատոնի հետ։
Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 25-ին Մալյան թատրոնում տեղի է ունեցել «Անիմացիա Իսպանիայից. «Նոր հեռանկարներ» խորագրով Ժամանակակից իսպանական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, որն իր մեջ ներառում էր տարբեր ժամանակակից կարճամետրաժ ֆիլմեր՝ ստեղծված տարբեր ոճերով և վիզուալ լուծումներով։
Իսպանիայի Թագավորության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն ծրագրի բացմանը հայտարարեց, որ իսպանական անիմացիոն ֆիլմերի ոլորտը զարգացման կարևոր փուլ է թևակոխել, ընդհուպ՝ Օսկար մրցանակաբաշխանությանը նոմինացվելը, ինչը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու շատ լավ պահ և առիթ է։ «Հայաստանը մեզ համար գրավիչ ուղղություն է․ այստեղ կարող ենք կիսվել մեր փորձով ու գիտելիքներով, բայց նաև սովորել հայկական փորձից»,-ասաց Քրիստինա Կոնեսա Սանչոն։
Այս ուղղությամբ Փառատոնն արդեն իսկ գործուն քայլեր իրականացրել է. հայկական «ՌեԱ»-ն և իսպանական NEXT Lab Generation-ը այս տարվա հունիսին համագործակցության հուշագիր են ստորագրել ֆրանսիական հեղինակավոր Անսի (ANNECY) միջազգային անիմացիոն կինոփառատոնի ժամանակ։ NEXT Lab Generation-ն անիմացիայի, վիրտուալ իրականության, վիդեոխաղերի, թվային կոնտենտի ոլորտներում փորձարկումների և նորարար տեխնոլոգիական գործիքների ներդրման հարթակ է, որը միավորում է արվեստն ու տեխնոլոգիաները։ Այն իրականացնում է աշխատարաններ, մասնագիտական միջոցառումներ, վարպետաց դասեր, դասընթացներ, կոնֆերանսներ և ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով զարգացնել տեսաձայնային բովանդակությունը նորագույն տեխնոլոգիաների՝ VR-ի, AR-ի, AI-ի ու XR-ի կիրառմամբ։
«Որպես անիմացիայի ոլորտի տարածաշրջանային առաջատար փառատոն՝ «ՌեԱ»-ն անչափ կարևորում է միջազգային գործընկերությունը։ Մենք հարթակ ենք տարբեր երկրների անիմացիոն ոլորտների կամրջման, փորձի փոխանակման և երկուստեք մասնագետների համար նոր ու բացառիկ հնարավորությունների ստեղծման համար։ Եվրոպական երկրները, այդ թվում՝ Իսպանիան, ռազմավարական նշանակության ուղղություն են մեզ համար, քանի որ ունեն անիմացիոն ոլորտի զարգացման յուրօրինակ պատմություն և տեսլական»,-նշեց «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։ Նա հավելեց, որ դրա վառ վկայությունն են Իսպանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից անիմացիոն ֆիլմերի և մասնագետների ներկայությունը Փառատոնին։
Փառատոնի կարևոր հյուրերից էր Ֆրեդերիկ Վինելը՝ ֆրանսիական CARTOON-ի ներկայացուցիչը, ով պատմեց անիմացիոն ոլորտի մասնագետների համար միջազգային նեթվորքային և համագործակցային միջոցառումներ կազմակերպելու CARTOON-ի փորձի մասին։ Ֆրանսիական հեղինակավոր Անսի անիմացիոն կինոփառատոնի MIFA անիմացիոն շուկայի ղեկավար Վերոնիկ Էկրենազն էլ ներկայացրեց MIFA հարթակն ու այս տարվա ձեռքբերումները։
Կատալոնիայի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի՝ Animac-ի տնօրեն, կուրատոր, պրոդյուսեր Կարոլինա Լոպեզը, ով «ՌեԱ»-ի ավարտական ֆիլմերի ժյուրիի անդամ էր, նկատեց․ «Ես իսկապես սիրում եմ ուսանողական ֆիլմերը, որոնցում անիմացիայի ապագայի զարկերակն է։ Այն բոլոր մտքերը, որ երիտասարդներն ունեն իրենց գլխում և այն նոր էսթետիկան, որ նրանք բերում են իրենց հետ, աննկարագրելի էներգիա է փոխանցում։ Շատ ուրախ եմ, որ ունեցա այդ հաճույքը լինելու ավարտական աշխատանքները գնահատող ժյուրիի կազմում»,-ասաց Կարոլինա Լոպեզը։ Խոսելով իսպանական ֆիլմերի մասին, որոնք ներկայացվեցին հայ հանդիսատեսին փառատոնի շրջանակում՝ նա նշեց, որ իսպանական անիմացիան ունի խորը և հարուստ արմատներ։ «Մենք բերել ենք ինչպես պրեմիերաներ, այնպես էլ մրցանակներ շահած ֆիլմեր, որպեսզի հայ հանդիսատեսը ծանոթանա այն հարուստ ավանդույթներին, որ ունի իսպանական անիմացիան»,-հավելեց Կարոլինա Լոպեսը։
16-րդ «ՌեԱ» փառատոնի ժամանակ ցուցադրված իսպանական ֆիլմերից ամենակարևորը 1950 թվականին ստեղծված «Ժուկով ժամանակով» կատալոնական անիմացիոն գեղարվեստական ֆիլմն էր, որը ճանաչվել է ազգային արժեք։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են հայտնի կատալոնացի գործիչներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, նկարիչներ, տեխնիկներ, ովքեր աշխատել են ֆիլմը դարձնել կատալոնական կինոյի խորհրդանիշ և անիմացիոն կինոյի հենանիշ։