Երևանում հոկտեմբերի 20-26-ն անիմացիոն շունչ էր տիրում։ Ոլորտի առաջատար մասնագետներ, լեգենդար ռեժիսորներ, 4-օրյա կրթական ծրագրեր, նոր հնարավորություններ, հաղթանակներ, և, իհարկե, ֆիլմաշատ երեկոներ․ արդեն 16-րդ անգամ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը Հայաստան բերեց անիմացիոն լավագույն փորձը՝ ևս մեկ վստահ քայլ անելով դեպի հայկական անիմացիոն արվեստի «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։
Հոկտեմբերի 26-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «ՌեԱ» 16-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և կրկին մեկ հարկի տակ միավորեց անիմացիոն ոլորտի սիրահարներին, լավագույն մասնագետներին, կինոգործիչներին, երիտասարդ ստեղծագործողներին և ֆիլմասերներին։
Երեկոն լի էր անակնկալներով, քանի որ 6-օրյա բուռն աշխատանքներից հետո հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները։