Մշակույթ

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ուրախ են տեղեկացնել, որ 2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում։ Դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-ից 21 տարեկան պատանիների համար:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է Եվրատեսիլի հենց այս ձևաչափը՝ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը», հյուրընկալել Հայաստանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը ջանք չեն խնայելու, որպեսզի 2026 թվականին Հայաստանը դառնա դասական երաժշտության կենտրոն: Սիրով կսպասենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր երկրում»:

Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունն ունեցել ենք 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։  «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։ 2026 թվականին Հայաստանը կլինի մրցույթի հյուրընկալող երկիրը։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը տաղանդի և ստեղծարարության հրաշալի հարթակ է, որը երաժշտության միջոցով միավորում է մարդկանց,- ասում է Եվրոպական հեռարձակողների միության մեդիայի տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Ֆիլիպ դե Տենդերը:- Մենք ուրախ ենք, որ Հայաստանը 2026 թվականի հյուրընկալող երկիրն է և անհամբեր սպասում ենք այս հիանալի միջոցառման շրջանակում մեր համատեղ աշխատանքին»:

Միջոցառման հետ կապված այլ մանրամասները կհրապարակվեն մրցույթին ընդառաջ։