Մշակույթ

Սարյանական ոգին ու գունապնակը՝ Երևանի սրտում

Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինեն Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը:

«Սարյանի աստիճաններ» անվանումն ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը՝ կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից: Այսօր նախագծի իրականացման հեղինակներն աստիճաններին խորհրդանշական սալիկներ են փակցրե;՝ այսպիսով պաշտոնապես ազդարարելով ծրագրի մեկնարկը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է․ «Այս նախագիծն առավել տեսանելի կդարձնի մեր մշակութային ժառանգությունը և նոր շունչ կհաղորդի Երևանին՝ համատեղելով արվեստն ու ժամանակակից մոտեցումները: Հուսով եմ՝ այս տարածքը կդառնա մեր քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը, հատկապես երիտասարդության համար՝ ստեղծելով ոգեշնչող ստեղծագործական միջավայր»:

Պլանավորվում է նաև ժամանակակից ինստալացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար:

««Կերոն» զարգացման հիմնադրամի հիմնական ուղղությանը զուգահեռ՝ մենք աջակցում ենք այնպիսի նախաձեռնությունների, որոնք կյանքը Հայաստանում դարձնում են ավելի գրավիչ և դինամիկ: Այս ծրագրի շրջանակում մեր նպատակն է ստեղծել մի վայր, որը ոչ միայն գեղարվեստական արժեք կստեղծի՝ ներկայացնելով մշակութային ժառանգությունը նոր ձևաչափով, այլև կդառնա ժամանակակից տարածք, որը վստահ եմ՝ կսիրվի երևանցիների կողմից»,- հավելել է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

Նախագծի մեկնարկն արդեն տրված, է և այն ավարտական տեսք կստանա մի քանի ամսից: «Մանե Թայլս» ընկերությունը դեռևս «Ժպտա՛, Երևան» ծրագրի մեկնարկից Երևան քաղաքում մի քանի նախագծեր է իրականացրել, որոնք միտված են ոչ միայն գեղեցկացնել և հաճելի դարձնել քաղաքը տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար:

«Այսօր աշխարհում շրջագայող զբոսաշրջիկները շատ գիտակ և կրթված են, ուստի դժվար է մարդկանց զարմացնել նորարարությամբ: Փոխարենը` մենք փորձում ենք վերարտադրել մեր մշակութային արժեքները և նոր ձևաչափով մատուցել հասարակությանը: Ձեռագործ յուրաքանչյուր սալիկի մեջ շատ արևի էնէրգիա կա, ինչպես և պատկերել է մեծանուն վարպետ Մարտիրոս Սարյանը:  Մենք լիահույս ենք, որ բացառիկ այս անկյունը շատ սիրվելու է մարդկանց կողմից, և ձևաչափը վարակիչ է լինելու շատերիս համար: Ուստի, բոլորս պետք է զինվենք մեծագույն պատրաստակամությամբ մի լավ գործ անելու մեր քաղաքի համար: Սա մենք հայտարարում ենք ոչ միայն որպես «Մանե Թայլս» ընկերության ներկայացուցիչ, այլ որպես երևանցի, քաղաքացի, հայ մարդ»,- ասված է հաղորդագրությունում: