Radar Armenia-ի զրուցակիցը նկարիչ Շանթ Կարապետյանն է
- Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա Ձեր 3-րդ անհատական ցուցահանդեսը, որը վերնագրել եք «Եվա»։ Բայց մինչ ցուցահանդեսի մասին խոսելը եկեք գնանք սկիզբ։ Պատմեք Ձեր մասին, Ձեր մանկության մասին։ Որտեղի՞ց է գալիս սերը դեպի նկարչությունը։
- Մտավորականների ընտանիքում եմ մեծացել։ Ոչ իմ ընտանիքում, ոչ հարազատներիս շրջանում նկարիչներ չեն եղել, բայց դպրոցական հասակից նկարել շատ եմ սիրել։ Հաճույքի համար էի նկարում, ոչ մի լուրջ նպատակ չունեի։ 2015թ․, երբ բանակից վերադարձա ու սկսեցի սովորել բժշական համալսարանում, էլի նկարում էի: Մի քանի տարի անց որոշեցի մանր իրերի՝ օրինակ բրնձի, սուրճի հատիկների, կոճակների, կենցաղային տարբեր իրերի վրա նկարել, հետո պատերի վրա մեծ նկարներ էի նկարում։ Հետզհետե հանրային հետաքրքրությունը իմ գործերի նկատմամբ մեծանում էր, ոգևորող խոսքեր, դրական արձագանքներ էի լսում, ինչը հուշում էր ավելի լրջորեն վերաբերել նկարչությունը: Առաջին անգամ կտավի վրա 2018-ին եմ նկարել։
- Ինչու՞ եք հանդես գալիս Շակարտ կեղծանվամբ։
- Շանթ Կարապետյան բժշկի «առաջնորդն» ուղեղն է, իսկ Շակարտ նկարչի «առաջնորդը»՝ սիրտը։ Նրանք միշտ բախման մեջ են եղել, և ես փորձել եմ այդ բախումը հօգուտ ինձ օգտագործել։ Շակարտը իմ անվան, ազգանվան և հայրանվան առաջին տառերից է կազմվել, իսկ արտ-ն էլ արվեստ է նշանակում։
- Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք պլաստիկ բժշկի մասնագիտությունը։ Որքան էլ փորձեցի պլաստիկ վիրաբուժության և նկարչության միջև կապեր փնտրել, չգտա։
- Ընտրության առաջ էի կանգնած՝ բժշկություն, թե արվեստ։ Ընտրեցի բժշկությունը, քանի որ բժշկության մեջ էլ էի ցանկանում արվեստ տեսնել։ Դարձա պլաստիկ վիրաբույժ, բայց նկարչությունից չհրաժարվեցի: Ի վերջո, նկարչությունը հաղթեց։ Այն ինձ ավելի հոգեհարազատ է․ նկարելիս կարծես սավառնում եմ, նկարելը թևեր է տալիս։
- Գիտեմ, որ Ձեր նկարները երկու մասի եք բաժանում՝ պատերազմից առաջ և հետո։ Պատերազմի ժամանակ վրձնին փոխարինեց զենքը։ Ինչպե՞ս կայացրիք ռազմաճակատ գնալու որոշումը։
- Պատերազմի մասին չեմ սիրում խոսել։ Շատ ծանր հոգեբանական հետք է թողել պատերազմը իմ հոգում։ Բնականաբար, պատերազմից հետո նկարներս ավելի մռայլ էին, տխուր։ Հույզերս այդպես արտահայտվեցին:
-Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա Ձեր 3-րդ անհատական ցուցահանդեսը, որն անվանել եք «Եվա»։ Ո՞րն է Ձեր ասելիքը այս անգամ: Քանի՞ նկար է ցուցադրվելու։
- Նախ ասեմ, որ սա Հայաստանում իմ 2-րդ ցուցահանդեսն է։ Առաջին ցուցահանդեսս 2022-ին էր, որը կոչվում էր «Շակարտ»։ Դրանից հետո 2023թ. ցուցահանդես ունեցա Վենետիկում՝ «Արվեստն անբուժելի է» խորագրով։ Այս ցուցահանդեսին պատրաստվել եմ 3 տարի։ Ի տարբերություն նախորդ երկուսի՝ այս ցուցահանդեսը հստակ թեմատիկա ունի. այն կնոջ մասին է։ Փորձել եմ կտավների միջոցով ներկայացնել կնոջ մասին իմ պատկերացումները՝ ներաշխարհից մինչև մարմնի կառուցվածքը։ Գովերգում եմ կնոջ բնավորության գծերն ու արտաքինը: 40 գրաֆիկական աշխատանքներս կրկին նվիրված են կնոջը։ Ներկայացվելու են նաև 40 կտավ, որոնց ցուցադրված են եղել նախկին ցուցահանդեսներիս ժամանակ։ Այս ցուցահանդեսը ավելի գունեղ է, ավելի թեթև ու պարզ, ավելի էսթետիկ։ Հիշում եմ՝ նախորդ ցուցահանդեսի ժամանակ մարդիկ «Պատերազմ» ստեղծագործության առաջ կանգնում ու լացում էին, իսկ «Եվա» շարքում ժպիտ պատճառող կտավներ են:
-Ի՞նչ նպատակներ, ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։
- Ես հավակնոտ եմ ու բազում համարձակ նպատակներ ունեմ։ Օրինակ, մտադիր եմ ցուցադրվել եվրոպական քաղաքներում: Որոշել եմ քանդակագործությամբ զբաղվել։ Սիրում եմ աշխատել մարմարով:
Հայկ Մագոյան