Մշակույթ

Մահացել է նկարիչ Սերվետ Պողոսյանը

Մահացել է նկարիչ, ճարտարապետ Սերվետ Պողոսյանը։

Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին ժամը 17:30-20:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 3-ին նույն վայրից:

Սերվետ Պողոսյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 1-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ 1955 թվականին ընդունվել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց։ Հաճախել է Գագիկ Ղազարյանի նկարչական դասերին։ 1971-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը։

Պողոսյանի նախագծերով (համահեղինակների հետ) Դիլիջանում իրականացվել է պանսիոնատի, պրոֆիլակտորիումի, հանրակացարանի, Աբովյան քաղաքի համար 2 միկրոշրջանի, Ստեփանակերտում Ստեփան Շահումյանի հուշահամալիրի, Երևանում Մանկական ձայնի պահպանման և խմբերգային երաժշտության դպրոցի, Մարտունիում գրադարանի, երաժշտական դպրոցի և այլնի կառուցապատումը։ 1992-1996  թվականներին ԱՄՆ-ում նախագծել ու կառուցել է բնակելի տներ Կալիֆոռնիայի Ստուդիո սիթի, Շերման Օուքս քաղաքներում։

Նկարչի՝ կուբիզմի սկզբունքներով ստեղծված կոնստրուկտիվիստական կոմպոզիցիաներն են՝ «Քնած տղան», «Պոռթկում», «Ընտանիք», «Հայելիով աղջիկը», «Հիշողություն», «Կիրք» և այլն։ Նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Երևանում, Վոլգոգրադում, Մոսկվայում, Գլենդելում, Հոլիվուդում, Սանտա Մոնիկայում, Ֆլորիդայում և այլուր։

Սերվետ Պողոսյանի բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կոլումբիայի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում։