Radar Armenia-ի զրուցակիցն է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը։
- Պարոն Ավետիսյան, զբոսաշրջային առումով տարվա ամենաակտիվ ժամանակն ամառն է։ Ինչպե՞ս կգնահատեք Մինաս Ավետիսյանի թանգարան այս ամառ այցելուների ակտիվությունը։
- Այո, ամռան ընթացքում, սովորաբար, գրանցում ենք ամենաշատ այցելությունները։ Վերջին մի քանի տարիներին, կապված Գյումրիի զբոսաշրջային ակտիվության հետ, դեպի Ջաջուռ հոսքը նույնպես աճեց։ Մեր թանգարան այցելությունների գրաֆիկը տատանվում է՝ կախված Գյումրի այցելող զբոսաշրջիկների թվից։ Չնայած, պետք է ցավով նշեմ, Գյումրի այցելող շատ մարդիկ պարզապես տեղյակ չեն, որ Մինաս Ավետիսյանի թանգարանը գտնվում է Գյումրիից ընդամենը 10-12 կմ հեռավորության վրա։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը։
- Առաջին հերթին ճանապարհային ուղեցույցերի կամ քաղաքում թանգարանային գովազդների բացակայությունը։ Դա իրականում շատ կարևոր գործոն է և հաստատ նպաստում է թանգարան այցելություններին։
Օգոստոսին Ջաջուռ գյուղի մուտքի մոտ՝ Գյումրի-Վանաձոր ճանապարհի երկու ուղղություններով, տեղադրվեցին ուղեցույցեր, ինչի համար շնորհակալ ենք մարզային կառույցներին։ Այս ընթացքում դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Օրինակները շատ են, նշեմ վերջին այցելուի օրինակը, որն իսպանացի զբոսաշրջիկ էր, մասնագիտությամբ՝ սոցիոլոգ, շրջում էր Հայաստանի գյուղերով, ու, տեսնելով ուղեցույցը, այցելեց թանգարան ու արտահայտեց իր զարմանքը, թե՝ ինչո՞ւ իրեն տրամադրած տեսարժան վայրերի ցանկում Մինաս Ավետիսյանի թանգարանը բացակայում է, և ասաց, որ բարձրաձայնելու է այդ մասին։
- Տարբեր տարիների վիճակագրությունը ի՞նչ է ցույց տալիս․ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճո՞ւմ, թե՞ նվազում թանգարանի նկատմամբ։
- Այս տարվա վիճակագրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր նվազել է, չնայած՝ տարին չի ավարտվել, ու չեմ շտապի ամփոփել։ Ենթադրում եմ՝ կհարցնեք, թե ինչով է պայմանավորված․ ասեմ, որ դա կոմպլեքս խնդիր է։ Երբ մարդը հասնում է Ջաջուռ, այսինքն, Մինասի ծննդավայր, ցանկություն ունի ժամանակ անց կացնել մի միջավայրում, որտեղ ծնվել և ստեղծագործել է հայտնի նկարիչը։ Այստեղ սկսում է խնդիրը՝ գյուղում բացակայում են հյուրատներ, սրճարաններ, նշված չեն տեղանքները, որոնք կան Մինասի կտավներում, եկեղեցին վերականգնված չէ, չի գործում, որը նույնպես առընչվում է Մինասի գործունեության հետ, որովհետև նա համոզեց իշխանություններին՝ չպայթեցնել եկեղեցին, այնտեղ գեղարվեստի դպրոց բացելու պատրվակով։ Մի խոսքով՝ ամեն ինչ փոխկապակցված է։
- Այսինքն, եթե Մինաս Ավետիսյանի թանգարանը գտնվեր Գյումրիում, այցելուների թիվը տասնապատիկ շա՞տ կլիներ։
- Միանշանակ, այո։ Ամեն դեպքում, ճիշտ է, որ ծննդավայրում է։
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ պիտի անեն թանգարանները երկրորդ, երրորդ անգամ այցելուի գալը շահագրգռելու համար։ Մշտական ցուցադրությունները հասկանալի են, բայց ի՞նչ անել, որ լրացուցիչ բաներ տեսնեն այցելուները։ Սա, հատկապես, մարզային թանգարանների դեպքում։
-Թանգարանը, որպես կրթամշակութային և հոգևոր կառույց, պետք է ունենա այնպիսի մթնոլորտ, որ, ինքնըստինքյան, մարդուն հաճելի լինի այդտեղ գտնվելը։ Օրինակ, հազար անգամ կարելի է գնալ Գառնիի տաճարը տեսնելու, դա նույն կառույցն է, չի փոխվում, և դու չես հոգնում դրանից։ Դա բազմաթիվ գործոնների հետևանք է նաև թանգարանների դեպքում, որոնք տեսողական ընկալումով ազդում են մարդու վրա՝ միջավայրի մաքրություն, էքսկուրսավարների պատրաստվածություն, նրանց ձայնի տեմբրը, աշխատակիցների հյուրընկալությունը, տարածքային հնարավորությունները և այլն։ Ի դեպ, չէի ուզենա առանձնացնել մարզային և ոչ մարզային թանգարանները։ Թանգարանը կարելի է անվանել մարզային միայն այն դեպքում, երբ այն կառավարվում է ոչ պրոֆեսիոնալ և ոչ առաջադեմ մոտեցումներով։
-Դուք թանգարանի տնօրեն եք, հաճա՞խ եք այցելում այլ թանգարաններ։
-Ոչ այնքան հաճախ, որքան կուզեի։ Ես անընդհատ շարժման մեջ եմ։ Երբ ստեղծվում է հնարավորություն, հաճույքով այցելում եմ։
-Այնուամենայնիվ, որն է Ձեր սիրելի թանգարանը։
-Դեռ մանկուց շատ եմ սիրում Մարտիրոս Սարյանի թանգարանը, ուր այցելում էի հայրիկի հետ և, անգամ, տեսել եմ վարպետին խոր ծերության մեջ։ Եվ կրկին մանկուց շատ եմ սիրում Հայաստանի պատմության թանգարանն ու ազգային պատկերասրահի եվրոպական բաժինը։
-Վերջին ցուցահանդեսը, որին ներկա եք գտնվել։
-Մեկը չէր՝ երկուսն էր։ Երկուսն էլ՝ նկարիչների միությունում, երկուսն էլ՝ շատ հաջող և տպավորիչ ցուցահանդեսներ էին․ առաջինը՝ Նանա Արամյան, երկրորդը՝ Դավիթ Քոչար։
Արման Գալոյան