Մշակույթ

«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Բամբիռ» (The Bambir) ռոք-խումբը թողարկել է իր 12-րդ՝ «Մանկական խաղեր» ալբոմը։ Խմբի երկար սպասված ալբոմն անդրադառնում է մանկական անմեղության և չափահասության ժամանակ այցելող հիասթափության բախմանը։

«Մանկական խաղեր» ալբոմը դուրս է ռոքի ավանդական պատկերացումներից։ Համադրելով անզուսպ անկեղծությունը և փորձարարական հնչյունները՝ այն ընդլայնում է ժանրի սահմանները։ Ալբոմն անդրադառնում է այն անմիտ դաժանություններին և տանջանքներին, որոնք չափահաս մարդիկ, չհասունանալով, վերապրում են թե՛ իրենց, թե՛ այլոց հանդեպ։ 

«Մենք ցանկանում էինք ստեղծել մի բան, որը կլինի թե՛ խոր անձնական, թե՛ հավաքական» - ասում է Նարեկ Բարսեղյանը․ «Այս ալբոմը ճանապարհորդություն է չափահասության մութ անկյուններով, որը բացահայտում է մանկության ազդեցությունն ու դրա կարևորությունն ապագա կյանքի ձևավորման գործում»։

«Մանկական խաղեր»-ը խոստանում է հեղափոխական ռոքային փորձառություն։

Ալբոմի պրոդյուսերները Սեմ Սարյանը և Նարեկ Բարսեղյանն են։ Ալբոմը ձայնագրվել է The Meeting Point ստուդիայում։ Մաստերինգը կատարվել է Լևոն Նավասարդյանի կողմից։

«Բամբիռ»-ը (The Bambir) հայտնի է ռոք երաժշտությանն իր նորարարական մոտեցումներով և խելահեղ կենդանի կատարումներով: Խմբի նոր սերնդի դեբյուտային ալբոմից՝ «B.B.R.»-ից (2005) սկսած նրանք գրավել են համաշխարհային հանդիսատեսին իրենց եռուն և ազդեցիկ շոուներով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Հունաստանում, Ռուսաստանում և այլուր: «Բամբիռ»-ը, կանգնած լինելով հայկական ռոքի ակունքներում և հանդիսանալով այս ոճը զարգացնողներից մեկը, իր հետքն է թողել ոչ միայն հայկական, այլև ժամանակակից համաշխարհային ռոք երաժշտության աշխարհում: