«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմի ստեղծագործական կազմը Վենետիկում է:
Աշխարհահռչակ Փարաջանովին նվիրված ֆիլմն իսկապես միջազգային է ստացվել՝ թե աշխարհագրությամբ, թե գրանցած հաջողություններով: Հայաստանը ներկայացնող ֆիլմը ընդգրկված է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Իսկ սեպտեմբերի 6-ին փառատոնի շրջանակներում ֆիլմի համաշխարհային պրեմիերան է: Ֆիլմի՝ հեղինակավոր փառատոնին մասնակցության առիթով Հայաստանի դրոշը, 20 տարի անց, կրկին ծածանվում է:
Հավելենք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմի պատվիրակությունը պրեմիերային ընդառաջ փառատոնի տնօրինության հետ հանդիպելու առիթ է ունեցել, որպեսզի ստեղծագործական թիմի անունից շնորհակալական խոսքը հայտնի: Նշենք, որ ռեժիսոր Զառա Ջյանի վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Վենետո նահանգում հայկական հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ: Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել երկիրը, որտեղ ապրում է, կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, ու վերադառնալ հայրենիք՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել:
Փարաջանովի տուն-թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակութային գործիչների վրա, որն է միակ ճիշտ ընտրությունը տոքսիկ իրականության պայմաններում և այլն: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունեն՝ չնայած արգելքներին և բռնապետություններին:
Ընդհանուր գաղափարների, նպատակների և լուծումների որոնում` տարբեր բարիկադներում գտնվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդյուսերներն են Անի Որսկանյանը, Զառա Ջյանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը:
Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։
Փարաջանովն աշխարհահռչակ էր. նա մինչ օրս նշաձող և օրինակ է: Մեծ է նաև այս ֆիլմի աշխարհագրությունը:
Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում․ Սերբիայում՝ 2023թ․ հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023թ․ օգոստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024թ․ փետրվարին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ, և Երևանում՝ 2023թ․ հուլիս-հոկտեմբեր և 2024թ․ փետրվար ամիսներին՝ հարցազրույցներ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաևի, Լևոն Աբրահամյանի հետ: 2024-ի հունվարին ֆիլմում նկարահանվելու նպատակով հատուկ Երևան եկավ նաև Տարսեմ Սինգխը։ Երևանում է նկարահանվել նաև ֆիլմի խաղարկային մասը։