Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է գեղանկարիչ Ախսար Մուրիևի «Հոյակապ ճանապարհորդություն կամ մի մարդու պատմություն» խորագրով անհատական ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Հիմնական թեմատիկան քնարական հերոսի ստեղծագործական ուղին է՝ արտացոլված գեղանկարչական կտավներում: Հեղինակն իր ճանապարհորդությունների վերաբերյալ, անձնական պատմությունների միջոցով բացահայտում է իր տեսակետը:
Ցուցահանդեսին ներկայացված են Ախսար Մուրիևի՝ 2023-2024 թվականներին ստեղծած աշխատանքները, այդ թվում՝ «Հոյակապ ճանապարհորդություն», «Արևային պար», «Ընտանեկան դիմանկար ինտերիերում» և «Դինամիկ կոմպոզիցիա՝ երեք մասից» մեծածավալ եռապատկերները։
Ցուցահանդեսի համակարգողը Անտոն Լևախինն է, ով առաջին անգամ չէ, որ համագործակցում է Ժամանակակից արվեստի թանգարանի հետ, ինչպես նաև նա աջակցել է 2024թ. Վենետիկի 60-րդ բիենալեի՝ Հայաստանի տաղավարի կազմակերպիչներին: Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի 2024թ. սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 27-ը, ամեն օր՝ ժամը 11:00-18:00-ը, բացի երկուշաբթի օրերից: