Մշակույթ

Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Տարազնավուր» ինքնատիպ համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ամեն հայի սրտին մոտ ու հոգեհարազատ ազնավուրյան մեղեդիները ևս մեկ անգամ ներկայացվել են հայկական ժողովրդական գործիքներով, երգչախմբի և մենակատարների ուղեկցությամբ, իսկ պարային խմբի կատարումներն ու հայկական գունեղ տարազներն առանձնակի հմայք են հաղորդել միջոցառմանը:

Շառլ Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել երգիչներ Արփի Շահնուբարյանը, Նաիրա Մանուչարյանը, Մավր Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը։ Համերգի ողջ ընթացքում լեդ էկրաններին ցուցադրվել են արդի տեխնոլոգիաների (AI) մշակմամբ թեմատիկ նյութեր:

Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։