Մշակույթ

Երամին հակառակ գնացող ճայը՝ Անահիտ Բախշյան

Երեկ Կինոյի տունը բազմամարդ էր։ Մի տանիքի տակ էին հավաքվել մտավորականներ, արվեստի ներկայացուցիչներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, օրվա հերոսուհիների մտերիմներն ու հարազատները։

Լրագրող, վավերագրող Վարդ Սիմոնյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց «Ճայը. ընդհատումը վերջ չէ» ֆիլմը և «Շնավարդ» հարցազրույցների և տեքստերի առաջին ժողովածուն։ «Շնավարդ» գրքում հեղինակը ներկայացրել էր անվանի արվեստագետների ու գործիչների հետ իր հարցազրույցները և տեքստերը, իսկ «Ընդհատումը վերջ չէ. ճայը» ֆիլմը հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի հաշվետվությունն էր ամուսնուն և նվերը՝ զավակներին։

Ամենևին պատահական չէ օրվա ընտրությունը։ Հուլիսի 3-ին լրացավ Յուրի և Անահիտ Բախշյանների ամուսնության 54 տարին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Անահիտ Բախշյանը, ոգեշնչվելով Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունից, իրեն նմանեցնում է երամին հակառակ գնացող ճայի հետ։ Եվ ֆիլմում ինքը, որպես թռչուն, երամին հակառակ գնալով փորձում է հասնել արդարության՝ ներկայացնելով իր ապրած կյանքի հաջողությունները, պայքարը, կամքն ու նպատակասլացությունը։ 

«Հակառակ գնալը հակառակվելը չէ, այլ ճանապարհ գտնելն է, որպեսզի մարդիկ արդարություն գտնեն։ Ես ճայ եմ։ Ֆիլմը առիթ է, որ ես իմ հերթական հաշվետվությունը ներկայացնեմ առաջին հերթին Յուրային»,- Radar Armenia-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց Անահիտ Բախշյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, ապա հիշեց իր հարցազրույցներից մի դիպված, երբ լրագրողը հարցրել էր՝ չե՞ք կարծում, որ չարաշահում եք Բախշյան ազգանունը։

Անահիտ Բախշյանը պատասխանել է. «Այո, չարաշահում եմ։ Ես Յուրայի հետ ամուսնացել եմ որպես Ժամկոչյան։ Ազգանունը կրել եմ մինչև 2001թ․, որից հետո դարձել եմ Բախշյան։ Ուզում եմ չարաշահել, ուզում եմ՝ անընդհատ հնչի այդ ազգանունը։ Գնացել եմ Ազգային ժողով, որ խորհրդարանում այդ ազգանունը նորից հնչի, որովհետև դա ինձ ապրեցրեց, և այս հաշվետվությունը ներկայացնում եմ մեր հասարակությանը, իմ ընտանիքին և աշակերտներիս»։

 Հայկ Մագոյան