Այսօր հայ հանճարեղ դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 94 տարեկան։
«Տխուր աչքերով մեծ կատակերգուն»․ այսպես են բնութագրում Մհեր Մկրտչյանին։ Իսկ ինքը՝ դերասանը մի առիթով ասել է․ «Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքեր»։
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։
1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։
Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։
1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ 1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց իր հայտնի կերպարը՝ Գարսևան․ կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։
Մհեր Մկրտչյանը նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ֆիլմերում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Նա մեծ ճանաչում, սեր ու ժողովրդականություն էր վայելում ոչ միայն ծննդավայր Գյումրիում, ոչ միայն Հայաստանում, այլև ԽՍՀՄ–ում։
Մհեր Մկրտչյանի վերջին դերը Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացումն էր։ Սա նա «կարապի երգն» է: Պիեսի ֆրանսերեն լեզվով օրինակը սիրված դերասանին էր հանձնել ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյը` Աշոտ Մալաքյանը, և ասել. «Սա դու պիտի բեմադրես ու ինքդ էլ պիտի հացթուխի դերում խաղաս: Սա քո պիեսն է»: «Երբ Մուշեղիչը թատրոնը նոր էր հիմնադրել, ու ներկայացման մտահղացումը կար, մի անգամ մեր ընտանիքին հրավիրեց թատրոնը տեսնելու,-վերհիշում է Էդգար Բադալյանը, որը նաև Ֆրունզի զարմիկն է: — Ասաց, որ նոր բեմադրություն է պատրաստում, ու սկսեց «Հացթուխի կնոջ» բոլոր կերպարները միայնակ խաղալ մեզ համար»:
Նա իր մահկանացուն կնքեց 1993թ․ դեկտեմբերին՝ Երևանում։ Մհեր Մկրտչյանը թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։
«Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…»,– ասել է նա։
Պատրաստեց Արման Գալոյանը