Մշակույթ

Երևանի քաղաքապետարանը 100 մլն դրամ է հատկացրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

Հուլիսի 7-ից կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Այն կբացվի Ատոմ Էգոյանի «Յոթ քող» ֆիլմով։ Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը տեղեկացրել է, որ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր հաշվարկով 24 «Օսկար»-ի։

Այս տարի ևս «Ոսկե ծիրանը» հյուրընկալելու է օսկարակիր և փառատոնային ամենաբարձր տիտղոսների ու հռչակի արժանացած արվեստագետների:

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ նշել է, որ «Ոսկե ծիրանը» Երևանի ու Հայաստանի այցեքարտերից է. «Մենք տարեցտարի կարողանում ենք թե բովանդակության, թե հյուրերի, թե քաղաքացիների ներգրավվածության առումով դրական ցուցանիշներ ունենալ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ քաղաքապետարանը շուրջ 100 մլն դրամ է հատկացրել կինոփառատոնին. «Սա վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշներից է»։

Ըստ փոխքաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանը սեփական ֆիլմն է ներկայացնելու կինոփառատոնին։