Մշակույթ

Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի գլխավոր հովանավորն է

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: «Ոսկե ծիրան»-ի այս տարվա գլխավոր նյութը անդրադարձն է երկու հայ մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Կինոփառատոնն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

««Ոսկե ծիրան»-ը քաղաքի մշակութային այցեքարտերից է: Երրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր գործընկերն է: Ծրագրի իրականացմանը հատկացվել է  100 մլն ՀՀ դրամ: Շարունակելու ենք մեր որդեգրած քաղաքականությունը մշակույթի ոլորտում: Այս տարի փառատոնին կներկայացվի նաև քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծված 5 ֆիլի  ալմանախը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղեկալ Լևոն Հովհաննիսյանը՝ փառատոնի մեկնարկային ասուլիսին:  

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, շնորհավորելով կինոտոնի մեկնարկի առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին աջակցության համար: Փառատոնի անցկացմանն աջակցել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության և Նիդեռլանդների թագավարության դեսպանատները: Նիդեռլանդների թագավարության դեսպան Յապ Ֆրեդերիքսն իր հերթին ընդգծել է, որ «Ոսկե ծիրանը» միայն փառատոն չէ, այլ նաև Հայաստանի մշակութային  պատուհանն է դեպի աշխարհ:

Այս տարի կինոփառատոնի բացմանը ավանդական կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիդ Քոչունցի ձևավորմամբ և գորգագործ վարպետների՝ «Տեղորոշում» գորգերի հավաքածուն։ 
21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի  նոր՝ «Յոթ քողը» կինոնկարն է: Էգոյանը վերադառնում է «Ոսկե ծիրան»՝ որպես կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ: Ֆիլմը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է: 

«Այս տարի փառատոնին ընդգրկված է շուրջ 9 տասնյակ ֆիլմ: Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի ութ լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են 24 Օսկարի: Փառատոնում կկայանա նրա հինգ ֆիլմերի ցուցադրությունը։ «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը»,- նշել է կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: 

Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին: Նա ոչ միայն կրկնակի Օսկարակիր է ու «Ոսկե գլոբուսի»-ի արժանացած դերասան, այլև լավագույն թատերական դերակատարման համար Լոուրենս Օլիվյեի մրցանակակիր: Կինոփառատոնի ընթացքում սպասում են հանդիպումներ ու վարպետության դասեր:  Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն Կինոյի տանը, Մոսկվա կինոթատրոնում և Մալյանի անվան թատրոնում: