Մշակույթ

Նորամուծություն՝ «Ոսկե ծիրան»-ում. կինոփառատոնը կանցկացվի առանց կարմիր գորգ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ուշագրավ նորամուծություն է սպասվում․ բացման արարողությանը չի լինի ավանդական կարմիր գորգը։ «Ոսկե ծիրան»-ի փառատոնի համար AHA collective-ը արվետաբան Դավիթ Քոչունցի հետ միասին թողարկել է ժամանակակից «կարմիր գորգի» հավաքածու։

Փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝ կարմիր գորգի ավանդույթը կարծր ու հաստատուն է եղել, և այն կոտրելը դժվար էր։ Սակայն իրենք այսպես փորձում են ձևավորել նոր ավանդույթ. «Աշխարհում փոխվում է էլիտիստականության հանդեպ մոտեցումները։ Բոլոր այդ սիմվոլները, որ շքեղության, պաթոսի, էլիտայի հետ են ասոցացվում, վերաիմաստավորվում են, վերաձևակերպվում»,- ասում է նա։

AHA collective-ը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համար թողարկել է գորգերի հատուկ հավաքածու։

Մինչ այդ, Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանում տեղի ունեցավ AHA collective-ի մեկ այլ՝ «Համարձակ Խնձորեսկ» կարպետների հավաքածուի ցուցադրություն։ Ararat թանգարանում ներկայացված է հավաքածուի 9 կարպետից 5-ը` եզակի ձեռագործ գորգ, որ ստեղծել է Վերիշեն և Տեղ գյուղերում ՝ Goris Handmade արհեստանոցի կին գորգագործերի վարպետության շնորհիվ։

Ցուցադրության մաս են նաև լուսանկարիչ Փիրուզա Խալափյանի լուսանկարները։

Արվեստագետ Դավիթ Քոչունցը պատմում է, որ կարպետների այդ շարքին ձեռնամուխ են եղել 2020թ. կորոնավիրուսի համաճարակի օրերին, հետագայում՝ 44-օրյա պատերազմից հետո, որոշ դետալներ է ավելացվել. «Մեկուսացման ժամանակ խնդիր կար վերաիմաստավորել մեր հարաբերությունները միջավայրի հետ, թե մեր արագընթաց կյանքում ինչքան ենք կտրվում բնությունից և հետո միանգամից մեկուսանում ենք»։ Նա նշում է, որ կարպետների նախշերը Խնձորեսկի քարանձավների, լանդշաֆտի պատկերային արտահայտությունն են. «Կան պարաններ, որոնք հին աշխարհից կապ են ստեղծում դեպի նոր աշխարհ։ Պետք է մեր հարաբերությունները կենսական միջավայրի հետ վերաիմաստավորենք»։

Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը մեծ կապ է տեսնում կոնյակագործության, կինոյի և գորգագործության մեջ։ Նրա խոսքով՝ այս ամենի հիմքում վարպետությունն է, և եթե այն չլինի, չի լինի արդյունք. «Վարպետի ստեղծագործական աշխատանքն է, որ պսակում է բնության առատաձեռնությունն ու դարերի ավանդույթները»,-ասում է նա։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-ից 14-ը։ Իսկ գորգերի ցուցադրությունը Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանում կգործի մինչև օգոստոսի 1-ը։

Արման Գալոյան