Մշակույթ

«Երևան՝ բալետ ֆեստ» փառատոնն այս տարի ընդլայնում է ծավալներն ու աշխարհագրությունը

«Երևան՝ բալետ ֆեստ» փառատոնն այս տարի ընդլայնում է ծավալներն ու աշխարհագրությունը: Տարվա ամենածավալուն մշակութային նախագիծն իրագործվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 

Երևանի բալետային փառատոնը մայրաքաղաքի մշակութային քաղաքականությունն ու առօրյան փոխելու հավակնոտ ծրագրերից է:

«Դեռ նախորդ տարի այս օրերին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած` Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված առաջին բալետային փառատոնի հիմքում մայրաքաղաքը դասական բալետային արվեստին հաղորդակից դարձնելն էր: Ջանք ու եռանդ չենք խնայելու հանրային կյանքի վերափոխման, մարդկանց միջև փոխհարաբերությունների նոր ավանդույթներ ձևավորելու մեր հանձնառության իրականացման ճանապարհին»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Բալետային օրերը Երևանում բացել է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը: «Աննա Կարենինա», «Վարպետը և Մարգարիտան», «Ռոդեն, նրա հավերժական կուռքը». բեմում Էյֆմանի բոլոր ժամանակների լավագույն բեմադրությունների հատվածային ընտրանին էր: 

Նոր ձևաչափը փոխում է պատկերացումները մշակութային նախագծերի մասին: Բալետային օրերը Երևան են բերել նաև տասնյակ զբոսաշրջիկների: Փառատոնը կշարունակվի ևս երկու օր: Հունիսի 4-ին ասպարեզում կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Կարապի լիճը» ներկայացմամբ: Հաջորդ օրը բեմում կլինի Թբիլիսիի թատրոնը՝ գալա ծրագրով: 
Երեկոների սկիզբը՝ ժամը 20:00-ին: