Այսօր մեծ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն է։
Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել էր ինքնատիպ դպրոց, մեծ ճանաչում ու հարգանք էր վայելում աշխարհում։ Պատահական չէ, որ նրան անվանում են Հայաստանի դեսպանն աշխարհում։
Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց:
Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում: Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946թ․ ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959թ․՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ։
Անգնահատելի են եղել նրա ջանքերը Հայաստանում 1988թ. աղետից տուժածներին օգնության հարցում։ Երկրաշարժից հետո գրեց «Քեզ համար, Հայաստան» երգը։ Առաջին անգամ այն կատարվեց և ձայնասփռվեց ֆրանսիական հեռուստատեսությամբ՝ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ Նպատակն էր՝ միավորել ջանքերը երկրաշարժից տուժածներին օգնելու համար։
1995 թվականից ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազգային դիվանագիտական ատյաններում: 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է եղել, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։