Մշակույթ

Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հուշարձանի նկատմամբ առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գույքային իրավունքի պետական գրանցումը չի կատարել և լիարժեք չի օգտագործում հոգևոր նպատակներով:

Որոշումը հնարավորություն կտա հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ իրականացնելու հուշարձանի և դրա տարածքի պահպանությունը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը: Այդ առումով հնարավոր կլինի նաև ապահովել մշտական հսկողություն հուշարձանի պահպանության վիճակի նկատմամբ:

Արդյունքում՝ կապահովվի հուշարձանի և տարածքի լուսավորության հարցը, հուշարձան այցելող զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման խնդիրը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարեկարգված տարածքներում ենթակառուցվածքների գործունեությունն ապահովելու ուղղությամբ, գիշերային լուսավորության առկայությունը կնպաստի հուշարձանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։