Մշակույթ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ

Պաշտոնական այցով Փարիզում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության և երիտասարդության ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնումը։

Հանդիպմանը քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և ուսումնական նյութերի արդիականացման հարցերը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ հաջողությամբ ընթանում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական ծրագիրը: Ըստ նախարարի՝ ընդլայնվում է հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցումը, ինչը նշանակում է, որ աշակերտները ոչ միայն ֆրանսերեն են ուսուցանում, այլև ֆրանսերենով սովորում Ֆրանսիայի պատմություն, աշխարհագրություն և այլ առարկաներ։ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է նաև ֆրանսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատությունների թիվը։

ԿԳՄՍ նախարարը գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ դպրոցներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը` առաջարկելով այս ուղղությամբ փորձի փոխանակում կազմակերպել։

Անդրադառնալով երիտասարդության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է կազմակերպել հայ-ֆրանսիական երկկողմ ճանաչողական այցեր Ֆրանսիայի և Հայաստանի համայնքային երիտասարդական կենտրոններ։ Միաժամանակ, առաջարկվել է դիտարկել փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերի և իրավական ակտերի մշակման ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Նիկոլ Բելուբեն նշել է, որ համագործակցության առաջարկները բավականին հետաքրքիր են և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել առկա համագործակցությունը։ Նախարարը հայ գործընկերոջը ներկայացրել է Ֆրանսիայում գործող հանրակրթական դպրոցների կառավարման մոդելները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Փարիզ կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել նաև Քե դը Օրսեյի թանգարանի տնօրենի պաշտոնակատարի և Լուվրի տնօրենի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ձևաչափերը։

Օրսեյի թանգարանում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։ Ժաննա Անդրեասյանն Օրսեյի տնօրինությանն առաջարկել է այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությանը՝ նշելով, որ այն ավանգարդի և իմպրեսիոնիզմի հարուստ հավաքածու ունի։ Քննարկվել են նաև Այվազովսկու և Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսները կազմակերպելու հնարավորությունները։

Ժաննա Անդրեասյանի հաջորդ հանդիպումը Լուվրի թանգարանի տնօրեն Լորանս դը Կարսի հետ էր, որին ներկա էր նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ցուցադրություններ կազմակերպելու հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան՝ ներկա գտնվելու Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» նոր ցուցադրության բացմանը, ինչպես նաև տեղում քննարկելու համադրվող ցուցադրության ցուցանմուշների հարցերը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: