Մշակույթ

«Ավրորայի լուսաբացը»` Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակակիր

Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի շրջանակում Հայաստանն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի համար, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հիշեցնում է, որ ֆիլմն ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»). ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը տեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը 2022-ի նոյեմբերին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակն է նվաճել Ասիա-խաղաղoվկիանոսյան տարածաշրջանի երկրների կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում: