Մշակույթ

Հայաստանում շուրջ 15 տարի փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետությունում շուրջ 15 տարի այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան, որը ժամանակավորապես տեղակայվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել և ծանոթացել թանգարանի գործունեությանը՝ հյուրընկալող տանիքի ներքո։ Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը գրքեր է նվիրել թանգարանին։

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել նաև «Ճամփորդ հոգին», «Ու նայե՜ս, նայե՜ս» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Կտորների վրա արտացոլված լուսանկարները, գրառումներն ու բանաստեղծական տողերը պատմում են Հովհաննես Թումանյանի և Հրանտ Մաթևոսյանի ճանապարհորդությունների մասին:

Ցուցադրությանը բացման խոսքով հանդես են եկել Հովհ. Թումանյան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորի շնորհանդեսը: