Մշակույթ

Այսօր Հրանտ Մաթևոսյանի 89-ամյակն է

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է՝ 89-ամյակը։

Անվանի գրողը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին՝ Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։

Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Աբովյանի անվ․ մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունը սկսել է 1960–ական թվականներից։

Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։

1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդավերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։

Մաթևոսյանը մահացել է 2002թ. դեկտեմբերի 19-ին։

Մեծ գրողի ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք հատվածներ՝ նրա ստեղծագործություններից․

«Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում - փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ։

Տեղներս, այո, դժվար է։ Ոչ մի անգամ, ուրիշ ոչ մի անգամ ծանր կացությունն այսպես սֆինքսորեն մեր դռանը չի չոքել. եթե ինքնիշխանության դրոշ պարզել ենք, ապա և՝ անձնատրության սպիտակ դրոշը մեր ծոցում պատրաստ բռնած. եթե ընդվզել ենք, այլազգի մեր տիրոջ գահն ի վեր. եթե գաղթեցրել են, խոնարհ հպատակության են քշել և ոչ՝ հողմացրիվության։ Հիմա մեր անձնատուր հպատակությունը չեն ուզում - պահանջում են մեր չլինելը։ Կամ եղիր, կամ մի։ Կամ-կամ»։

«Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ։ Հայրենիքները նվաճվում են ամեն օր։ Բայց ընդմիշտ տրված հայրենիքներ չկան։ Վատ որդիներ են այն որդիները, որ իրենց հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում։ Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում։ Ո՛չ մի ժառանգ, ո՛չ մի սերունդ, որտեղից և ումից էլ սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից: Եվ եթե կարծեց՝ ապահովագրված է ավելի լավ հարևանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, և քեզ, ուրեմն, շատ գիտի, և քո կանանց` հարճեր, և միշտ, ամեն լուսաբացի ու Աստծո ամեն մայրամուտի հետ, փորձելու է պարիսպներիդ ամրությունը»։

«Ծանր է թշնամու ատելության մեջ ապրել։ Բայց անտանելիորեն անհնար էր լինելու նրա արհամարհանքի մեջ քարշ գալը։ Ծանր է պարտությունը, բայց ավելի ծանր՝ փախչելը։ Շփոթված դեսուդեն ես ընկնում, քեզ պատերով ես խփում և չե՛ս ազատվում, չե՛ս հեռանում թշնամու քամահրանքից, որովհետև դա նաև քո քամահրանքն է քեզ»։

Պատրաստեց Արման Գալոյանը