Մշակույթ

«Խաբեությամբ հսկայական նկարահանումներ են կատարվել». ինչպե՞ս են ադրբեջանցիներն օգտագործել հայկական կադրեր

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ահազանգել է, որ ադրբեջանկան CBC ալիքը խեղաթյուրող ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին և որ այնտեղ նաև իր հարցազրույցն է եղել։

«2023 թվականի նոյեմբերի 27-ին ինձ հետ էր կապվել վավերագրող-ռեժիսոր՝ Հայաստանի հանրապետության քաղաքացի Սեդա Գրիգորյանը և տեղեկացրել, որ ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է նկարահանել գիտահանրամատչելի ֆիլմ՝ ուրարտական թագավորության մասին: Այդ առումով, որպես ճանաչված մասնագետի, ընկերությունը ցանկացել է, որպեսզի ես և մեկ ուրարտագետ ևս հարցազրույց տանք այդ ֆիլմի համար: Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ես և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանը հարցազրույց ենք տվել Սեդա Գրիգորյանի թիմին և պատմել այն մասին, որ Հայաստանն է ուրարտական տերության ժառանգորդը, անդրադարձել ենք Էրեբունի, Կարմիր բլուր, Օձաբերդ և այլ հնավայրերում իրականացված վերջին տարիների արդյունքների մասին»,- գրել է նա ֆեյսբուքի էջում։

Ըստ Բադալյանի. «Սեդա Գրիգորյանին տրված իմ ծավալուն հարցազրույցից կտրված մի փոքրիկ հատված ինչ-որ ուղիներով տեղ է գտել այդ խեղաթյուրող նյութում... Այս խեղաթյուրող, շինծու, նենգ նյութում ամեն-ինչ արվում է խեղել Երևանը, ներկայացնել այն որպես թյուրքական ցեղերի բնակատեղի, հայերին որպես վանդալ: Նշվում է, թե իբր հայերը հորինել են, թե Երևանը հին է Հռոմից, բայց հին քաղաքի որևէ վկայություն չունեն: Նրանք նաև հորինում են, որ Հանրապետության հրապարակի մոտ հայերը պեղել են կառույցներ և իմանալով, որ դրանք ադրբեջանական են, ծածկել են դա»: 

Տեղի ունեցածը նա նաև կապել է իր գործունեության հետ. «Հատկապես Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իմ պայքարի»։

Կատարվածի մասին պարզաբանում է տարածել նաև վավերագրող-ռեժիսոր Սեդա Գրիգորյանը՝ ֆեյսբուքի իր էջում գրելով. «Այդ հարցազրույցը նկարահանել եմ դեկտեմբերի 2-ին, համաձայն ամերիկյան No Frontiers LLC ֆիլմարտադրող կազմակերպության հետ պայմանագրի: Ինձ հետ worldfixer.com կայքով կապ էր հաստատել ամերիկացի պրոդյուսեր ներկայացած Alex Gil-ը, ում հետ մեր ողջ գրավոր հաղորդակցությունը պահպանված է: Նա ինձ տեղեկացրեց, որ ամերիկյան History Channel-ի նմանությամբ պատմական թեմաներով վավերագրական ֆիլմաշարի պիլոտային տարբերակի ստեղծման համար գործընկեր են փնտրում Հայաստանում: Կից նկարում հատված է իր նամակներից մեկից, որում նկարագրում է նախագծի բովանդակությունը՝ պիլոտային էպիզոդը բաղկացած է լինելու 3 հնագույն քաղաքակրթության վերաբերյալ մասերից՝ Ուրարտու, Ջերիկո (Պաղեստին/Իսրայել) և Տաշկենտ/Բուխարա (Ուզբեկստան): «Պիլոտը պետք է ցույց տա գալիք ամբողջ սերիայի հարստությունն ու բազմազանությունը: Այս երեք հնավայրերը պատմականորեն մեկուսացված են, բայց միավորված են այն գաղափարով, որը ես ուղարկել եմ ձեզ նամակներից մեկում»: Ալեքսը պրոֆեսիոնալ հաղորդակցություն էր վարում, կազմակերպության հետ կազմեցինք պայմանագիր, ես որոշ հավելյալ հարցեր էի տալիս ընթացքում՝ համոզվելու համար, որ ինքը իսկապես այդ թեմայի վրա է աշխատում: Նա նաև նշեց, որ առաջին կինը հայուհի է եղել Վրաստանից, և ինքը տարիներ առաջ եղել է Հայաստանում, ծանոթ է Երևանին:... Ես հաստատում եմ Միքայելի գրառման մեջ տեղ գտած տեղեկությունները՝ մեր հաղորդակցության և նկարահանումների անցկացման վերաբերյալ: Երկուսս էլ իրականությունն իմացել ենք այսօր TV5-ի լրագրողի զանգից: Ինձ համար շոկային էր լսել լուրը, ինչից հետո նոր դիտել եմ ադրբեջանական ֆիլմը: Փաստորեն, նման խաբեությամբ հսկայական նկարահանումներ են կատարվել. այդ ֆիլմում իմ կողմից նկարահանված նյութերից են Էրեբունու թանգարանում արված կադրերը, վերջում օգտագործված 4-5 դրոնի կադր: Մնացած նյութն ինձ անծանոթ է»: 

Գրիգորյանը գրել է, որ ցավում է տեղի ունեցածի համար. «Համարում եմ, որ պետք է ավելի ուշադիր ու զգուշավոր լինեի, քանի որ իմ մասնագիտությունը լայն դաշտ է ստեղծում նման խաբեությունների ու մանիպուլյացիաների համար»,-պարզաբանել է նա։