Uեպտեմբերի 16-ին և 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
Մշակութային ժառանգության օրերի շրջանակներում այցելուները հնարավորություն են ունեցել շրջելու կազմակերպության կենտրոնակայանում, տեսնելու այնտեղ պահպանվող արվեստի հավաքածուները և, իհարկե, ծանոթանալու տարբեր տարածաշրջանների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներին։
Այս տարվա հոբելյանական տոնակատարության համար ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հազարավոր ավանդույթներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրությունը կանգ էր առել ընդամենը 6 ավանդույթի վրա, որոնց թվում էր «Քոչարի. ավանդական խմբապարը», որը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Քոչարի հայկական խմբապարի հետ մեկտեղ ծրագրի մաս էին կազմում նաև Արջի փառատոների ավանդույթը (Անդորրա, Ֆրանսիա), Կապոեյրա պարային մարտարվեստը (Բրազիլիա), Ռումբան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), Ֆլամենկոն (Իսպանիա) և Կրեմոնեզյան ջութակագործությունը (Իտալիա)։
Քոչարի հայկական ավանդական խմբապարը ներկայացնելու համար Կազմակերպությունը հրավիրել էր «Անի» ազգային պարախմբին։ Հատկանշական է, որ հայկական խմբապարի պատմությանը և խորհրդին ծանոթանալուց, ինչպես նաև դրա ավանդական և ժամանակակից մշակումները վայելելուց զատ ներկաները տեղում պարի հիմնական շարժումները սերտելու և միասին պարելու հնարավորություն են ունեցել։
Այսպիսով, 2017 թվականին «Քոչարի. ավանդական խմբապարի» գրանցումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր պաշտոնական ծրագրում խմբապարի ներառումը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորման հերթական դրսևորումն էր։
«Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայում ոչ նյութական մշակութային ժառանգությունը բնութագրվում է որպես ավանդույթների, սովորույթների և մշակութային արտահայտությունների, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների այնպիսի ամբողջություն, որը մարդկանց որոշակի խմբերի, որոշ դեպքերում նաև անհատների կողմից ճանաչվում է որպես իրենց մշակութային ժառանգության մաս: