«Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառման շրջանակում Հայաստան կժամանի խոշոր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։
«Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից:
«Այս համաժողովի միջոցով մենք նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ հզորացնելով մեր արտադրական ներուժը և դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը: Գիտելիքահեն նախագծերը մնայուն արժեք են պետության համար, և, հաջողությամբ այն առևտրայնացնելու պարագայում, կարող են դառնալ Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը։ Էկոնոմիկայի նախարարությունն ու անձամբ ես ստանձնել ենք հանձնառություն՝ աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք խթանում են ստեղծարարությունը ու գիտելիքահենք ձեռներեցությունը: Մենք խորապես հավատում ենք, որ գիտելիքը սահմաններ չի ճանաչում, և որ միասին կարող ենք հարթել գիտելիքի և գործարարության համատեղ ճանապարհը: Այդ իսկ պատճառով էլ նախաձեռնել ենք «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը, որը ծառայելու է որպես միավորող հարթակ գիտնականների, գործարարների, ներդրողների և ոլորտային քաղաքականության մշակումներ կատարողների համար։ Բացի ներքին աշխատանքից, պետք է ակտիվորեն ձգտենք համագործակցել միջազգային գործընկերների հետ: Այլ երկրների հետ գործընկերության միջոցով մենք կարող ենք բացել նոր շուկաներ մեր գիտնականների համար և տալ նրանց համագործակցության հնարավորություն»,-նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ կան մի շարք հանգամանքներ, թե ինչու է համաժողովի անցկացումը կարևոր։Առաջինը՝ նորարարության խթանումն է, այնուհետև գիտելիքների փոխանակումը, ներդրումների ներգրավումը, միջազգային ճանաչումը, նորարարությունների ցուցադրումը, ինչպես նաև գիտելիքի տարածումը։
Միջոցառման այս տարվա հիմնական բանախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա է։ Նրա բեսթսելերները՝ «Սև կարապը» և «Հակափխրունությունը» շարունակում են խորը ազդեցություն ունենալ գիտության և գործարարության ոլորտների վրա։
Նասիմ Նիկոլաս Թալեբը լայնորեն ընկալվում է որպես փայլուն և ոչ ավանդական մտածող, որը մարտահրավերներ է նետում պայմանական իմաստությանը և խրախուսում մարդկանց մտածել շրջանակներից դուրս։
Թալեբն իր ողջույնի խոսքում ընդգծեց՝ ուրախ է մասնակցելու «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառման։
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այս բացառիկ միջոցառմանը մաս կազմելու հրավերի համար։ Պատիվ և արտոնություն է լինել գիտության և գործարարության օրերի հիմնական զեկուցողը։ Այս միջոցառումը կարևոր հարթակ է Հայաստանի համար, որտեղ գիտնականները հանդիպում են բիզնես առաջնորդների հետ՝ քննարկելու միջդիսցիպլինար համագործակցության կարևորությունը, մեր օրերի մարտահրավերներն ու հնարավորությունները: Հայաստանը՝ հին պատմություն և կենսունակ մշակույթ ունեցող երկիր, այն առանձնահատուկ տեղ է գրավում իմ սրտում: Ինձ միշտ գրավել են քաղաքակրթությունները, որոնք անցել են ժամանակի փորձությունը և անչափ նպաստել մարդկության առաջընթացին: Հայաստանն, անկասկած, քաղաքակրթության այն բնօրրաններից է, որն աշխարհին առաջարկել է անթիվ մտավոր նվաճումներ և գիտնականներ»,-իր խոսքում նշեց Թալեբը
Նշենք, որ այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումն անց է կացվելու դեկտեմբերի 1-2-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ անց է կացվել 2022 թվականին։ Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց թվում էին գլխավոր հյուր և բանախոս, Նոբելյան դափնեկիր Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։