ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հուլիսի 1-6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը (Yerevan Fashion Week):
Միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը նշել է, որ նորաձևության պալատն ու Էկոնոմիկայի նախարարությունը երկխոսել են՝ կարևորելով ոլորտի առաջխաղացումն ու դրան ստեղծագործ արդյունաբերությունը կցելը, քանի որ այդ երկուսի համատեղության արդյունքում է հնարավոր բարձրացնել տեքստիլի որակը և հանդես գալ բարձր որակի նորաձևությամբ։
Միջոցառման շրջանակներում ավելի քան քսան տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները, մասնակիցները հնարավորություն կունենան տեսնելու ավելի քան վաթսուն հայկական բրենդների արտադրանքը մի վայրում, մասնակցելու պանելային քննարկումների և ցուցահանդեսների:
ՀՀ կառավարությունը հինգ տարով հաստատել է տեքստիլի ոլորտի առաջխաղացման ծրագիրը, որի կարևոր կետերից մեկը Հայաստանում և երկրից դուրս հատուկ հարթակների ստեղծումն է, որտեղ կներկայացվեն հայ արտադրողները: