Մշակույթ

ՉԺՀ «Ֆուցզյան» թանգարանում բացվել է «Հայացք Արարատից» ցուցահանդեսը

Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցանմուշներով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ֆուցզյան նահանգի «Ֆուցզյան» թանգարանում բացվել է «Հայացք Արարատից» ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է ըստ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Ֆուցզյան թանգարանի միջև կնքված պայմանագրի. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ներկայացվել են հայկական տարազի, զարդերի, գորգերի և ասեղնագործ առարկաների բնօրինակ բացառիկ նմուշներ, ինչպես նաև Երևանը պատկերող լուսանկարների և 1990-ական թվականներին արված ազգային տարազի կրկնօրինակներ:

Բացմանը  ներկա են գտնվել ՉԺՀ մշակութային արժեքների պետական բյուրոյի ղեկավար, ազգային մշակույթի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Լի Կունը, Ֆուցզյան նահանգի հանրահռչակման բաժնի ղեկավար Չժան Յանը, Ֆուցզյան նահանգի մշակութային արժեքների բյուրոյի ղեկավար, մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության պետի տեղակալ Ֆու Քիշենգը։ Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը, «Հայ-չինական գործընկերության կենտրոնի» նախագահ Արմեն Մխիթարյանը, Երևանի պատմության թանգարանի ներկայացուցիչներ Լուսինե Ամիրջանյանը և համակարգող Գևորգ Օրբելյանը, Չինաստանի տարբեր թանգարանների ներկայացուցիչներ և հյուրեր: Երևան քաղաքի պատմության թանգարանի վերոհիշյալ հավաքածուներն առաջին անգամ են ցուցադրվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

Ցուցահանդեսը կարևորվում է նաև այն պատճառով, որ Ֆուցզյան թանգարանը, «Հայացք Արարատից» ցուցադրությամբ, ընտրվել է Չինաստանի թանգարանների միջազգային օրվա միջոցառումների անցկացման կենտրոն:

Ցուցահանդեսը գործելու է երկու ամիս՝ մայիսի 18-ից հուլիսի 18-ը ընկած ժամանակահատվածում, ինչը չինացի այցելուին հնարավորություն կտա ծանոթանալու ոսկեթել բանվածքով 19-րդ դարի տարազի համալիրներին, նրբագեղ ասեղնակարերով դեկորատիվ ծածկոցներին, կատարման բարձր տեխնիկայով ու հարուստ զարդանախշերով արծաթյա զարդերին, որոնք ընդգծում են հայ մարդու գեղագիտական ճաշակն ու գույների նուրբ զգացողությունը: