Մշակույթ

Հայաստանը «Եվրատեսիլ-2023»-ի եզրափակչում է․ Բրյունետը հիանալի ելույթ ունեցավ

Լիվերպուլում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը հանդես եկավ երկրորդ համարի ներքո և կատարեց Future Lover երգը, որն ուղեկցվեց հրաշալի շոուով և գեղեցիկ պարով։ 

Քվեարկության արդյունքներով Հայաստանը և ևս 9 երկիր իրավունք ստացան հանդես գալու եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 13-ին։ 

Այսպիսով՝ եզրափակչում են՝ Հայաստանը, Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան  և Սլովենիան։ 

Կիսաեզրափակիչ փուլի արգելքը չհաղթահարեցին Վրաստանի, Դանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հունաստանի և Սան Մարինոյի ներկայացուցիչները։ 

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին տեղի էր ունեցել առաջին կիսաեզրափակիչը, հայտնի էին դարձել եզրափակիչ անցած 10 երկրների անունները։

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 13-ին կայանալիք եզրափակչին կմասնակցի 26 երկիր․ յուրաքանչյուր կիսաեզրափակչից 10 մասնակից և, այսպես կոչված, Մեծ հնգյակի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա), ինչպես նաև Ուկրաինան՝ որպես «Եվրատեսիլ-2022»-ի հաղթող։